Մատչելիության հղումներ

Դեսպան Միլսն ակնկալում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիր կստորագրվի


Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում երկու երկրների միջև հավանաբար կստորագրվի «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր, այսօր «Ազատությանն» ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Փաստաթղթով կողմերը նախատեսում են նոր խորհուրդ հիմնել, որը կբացահայտի առևտրի և ներդրումների ընդլայնման հնարավորությունները, կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարին և կվերացնի առկա խոչընդոտները։

«Շատ ուրախ եմ, որ այս հարցում մենք առաջընթաց ունեցանք: Համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների գործարարներին համագործակցելու։ Կառավարությունն ու բիզնես շրջանակները միասին կպարզեն, թե որոնք են առևտրի ճանապարհին առկա խոչընդոտները: Համաձայնագրով երկու կողմերը պարտավորվելու են վերացնել դրանք, որպեսզի առևտրի և գործարարության համար ավելի շատ հնարավորություններ լինեն», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

Նախագահ Սարգսյանը ԱՄՆ-ում կլինի մայիսի 5-7-ը: Հանդիպումներ կունենա Սենատում, կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոսթ» թերթի գրասենյակում, կհանդիպի հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Հանդիպումների շարքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ նախատեսված հանդիպում չկա։

Չնայած դրան, դեսպան Միլսը հավաստիացնում է, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ երկու երկրների միջև եղած հարաբերությունները շատ ամուր են։ Նախագահ Օբաման շատ կարևորում է այդ հարաբերությունները և որպես ապացույց կարող եմ նշել այն, որ ապրիլքսանչորսյան շատ կարևոր միջոցառմանը ԱՄՆ-ից Հայաստան ժամանեց կառավարության ներկայացուցիչ։ Առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի ստորագրումն էլ վկայում է, թե որքան կարևոր են այդ հարաբերությունները երկու կողմերի համար», - նշեց Ռիչարդ Միլսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է կրճատել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) հայաստանյան գրասենյակի ֆինանսավորումը։

Տեսակետներ են հնչում, որ դա կապված է Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության հետ:

Դեսպանն այս առնչությամբ ասաց. – «Ես հավաստիացնում եմ մեր բարեկամ հայ ժողովրդին, որ ֆինանսական աջակցության կրճատումը կապ չունի Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու որոշման հետ։ Կրճատումը, որ մենք ցավոք սրտի իրականացրինք, պայմանավորված է աշխարհի այլ կետերում ծագած նախաձեռնություններով, որոնց Միացյալ Նահանգները պետք է արձագանքեր։ ԱՄՆ-ն 2 միլիարդ դոլար է հատկացրել էբոլայի դեմ պայքարին, մենք նաև աջակցում ենք Ուկրաինային, քանի որ այնտեղ ժողովուրդը պատերազմական վիճակում է, և այս պատճառներով այլ ծրագրերին տրվող աջակցությունը պետք է կրճատվեր»։

Դեսպան Միլսն, այնուամենայնիվ, հավելեց, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը շարունակում է Հայաստանում իրականացնել մի շարք ծրագրեր, իսկ թե որքանով է կոնկրետ կրճատվել աջակցությունը, դեռ պարզ չէ։

Միայն անցած տարիզարգացման այս գործակալությունը ավելի քան 16 միլիոն դոլար էր անհատույց տրամադրել Հայաստանին՝ բարգավաճման և ժողովրդավարացման ծրագրերի համար։

XS
SM
MD
LG