Մատչելիության հղումներ

Քաղաքացիները 8 տարի է սպասում են «Գլենդեյլ հիլզ»-ի խոստացած բնակարաններին


Վարչապետի հետ հանդիպումից հետո որոշվել է, որ ընկերությունը գումարային պարտավորությունները կկատարի 4 փուլերով՝ յուրաքանչյուր քմ-ի դիմաց վճարելով 1000 դոլար:

Տասն ամիս առաջ՝ վարչապետի հետ հանդիպումից ոգևորված «գերակա շահի զոհ դարձած» տասնյակ ընտանիքներ այսօր կրկին հուսախաբ են․ բնակիչների պնդմամբ, բարձրահարկ էլիտարների շինարարությամբ զբաղվող «Գլենդեյլ հիլզ»-ը 8 տար է՝ չի կատարում իրենցից վերցված սեփականության չափով նոր բնակարան տրամադրելու պայմանագրային պարտավորությունը: Ոմանք ստացել են բնակարաններ, բայց չունեն սեփականության վկայագրերը, մյուսներն էլ ստիպված են տարիներ շարունակ վարձով ապրել: Ընդ որում, կառուցապատողը պարբերաբար ուշացնում է նաև վարձավճարները:

Թամարա Սարգսյանը «Ազատության» ներկայությամբ փորձեց ճշտել ՝ ինչո՞ւ: Պատասխանը նույնն էր․ դրամարկղում դեռ գումար չկա:

Մոտ մեկ տարի առաջ վարչապետը «Գլենդեյլ հիլզ»-ի սեփականատեր Վահե Յաղուբյանին հանձնարարել էր արագ լուծել բնակիչների խնդիրները: Վերջինս էլ խոստացել էր, որ 2016-ի ավարտին ընկերությունն այլևս որևէ պարտք ու պահանջ չի ունենա, սակայն մինչև այս պահը խոստումները փաստաթղթային ձևակերպում չեն ստացել:

2007-ից վարձով բնակվող Թամարա Սարգսյանն ու Նունե Կարապետյանը, մինչդեռ, դժգոհում են, թե հոգնել են բանավոր խոսքերից:

«Պարոն վարչապետի խոսքը շատ-շատ եմ հարգում, որ ուզում ա մեզ ընդառաջի, բայց տեղ չի հասնում մեզ: Փուլերով ա նշանակված էդ փոխհատուցումը: Իմ աղջիկը եղել է 20 տարեկան, այսօր 28 տարեկան է, մենք փողոցում ենք: Ազատեցինք բնակարանը՝ մի կողմից ուրախանալով, որ նորակառույցում կստանանք, մյուս կողմից էլ տխրեցինք, որ նորակառույցը դեռ փոս է», - ասաց Թամարա Սարգսյանը:

Դեռ 8 տարի առաջ Հանրապետության 5 փողոցների 106 ընտանիքներ «Գլենդեյլ հիլզ» շինարարական ընկերությանն են հանձնել գերակա շահ ճանաչված իրենց բնակարանները:

Նունե Կարապետյանի ամուսինը մահացել է՝ այդպես էլ նոր բնակարանը չտեսնելով: Ամուսնուն հուղարկավորած կինն իր երկու որդիներով, որոնցից մեկն անչափահաս է ու անբուժելի հիվանդ, դեռ վարձով է բնակվում: Արդեն հույս չունի, որ երբևէ իր սեփական բնակարանը կունենա:

«Հոգեկաններս խանգարվում ա, մեր երեխեքը մեզ ամեն օր էդ հարցը տալիս են՝ մենք երբ ենք տուն ունենալու, ինչքան պիտի սնեց առնենք էս վեշերը ստեղից էնտեղ գնանք: Վարձավճարները պատշաճ կերպով չեն տալիս՝ ուշացումներով: Չի լինո՞ւմ, իրենք որոշե՞լ են, որ էդ շենքը պիտի կառուցվի ուրիշ նպատակներով, թող մեզ մեր փոխհատուցումը տան, մենք դրան էլ ենք համաձայն: Մի հատ տուն առնեն, Երևանում թող լինի, բայց ծայրամաս: Մեր բնակիչներն արդեն շատերը մահացել են, ոմանք արդեն այնքան հիվանդ են, որ չեն էլ կարողանում գալ ցույցի», - ասաց Նունե Կարապետյանը:

«Գլենդեյլ հիլզ»-ից «Ազատության»-ը փոխանցեցին, որ վարչապետի հետ անցած տարվա հանդիպումից հետո որոշվել է, որ ընկերությունը պարտավորությունները կատարելու է գումարային 4 փուլերով՝յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց 1000 դոլարին համարժեք դրամով:

Առաջիկայում այս ամենը նաև փաստաթղթային ձևակերպում կստանա։ Իսկ պարբերաբար բողոքի ակցիաներ կազմակերպող բնակիչներից Թամարան ու Նունեն ասում են, որ ցույցերից հետո միշտ «Գլենդեյլ հիլզ»-ից սաստող զանգեր են ստանում:

«Նենց արեք, որ դուք հասնեք ձեր նպատակին: Դա ուլտիմատումնե՞ր ա, չեմ հասկանում: Ցույցեր մի արեք, մի բողոքեք, նստեք սպասեք․ 8 տարի կարելի՞ ա շարունակ նստել սպասել», -ասաց Թամարա Սարգսյանը:

Վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո հուսախաբ բնակիչները հիմա էլ նախագահին են դիմում․ - «Ես դիմում եմ պարոն Սերժ Սարգսյանին, թող ինքը մի հատ անդրադառնա մեր վիճակին: Եթե կարող եք՝ տեսեք, ուզում եք՝ դատեք, ուզում եք՝ կախեք, արդեն ինձ համար միևնույնն է: Էս ժողովուրդ՝ մեկը կուրացել ա էդ դարդից, մյուսը խելագարվել ա, էն մյուսը ինսուլտ ա ստացել: Ի՞նչ եք ուզում․․․ »:

Թամարա Սարգսյանն ու Նունե Կարապետյանն իրենց բախտակից հարևանների հետ այսօր հավաքվել էին «Գլենդեյլ հիլզ» շինարարական ընկերության առջև և հանդիպում էին պահանջում տնօրեն Էդիկ Մելիքյանի հետ, բայց ապարդյուն․ տնօրենն այդպես էլ չվերադարձավ աշխատավայր:

XS
SM
MD
LG