Մատչելիության հղումներ

"Коммерсантъ". Պուտինի երևանյան այցը`«Թուրքական հոսք»-ի շինարարությանը խոչընդոտող գործոն


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 1-ը դեկտեմբերի, 2014թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 1-ը դեկտեմբերի, 2014թ․

«Վլադիմիր Պուտինի երևանյան այցը մեկն է այն գործոններից, որ կասկածի տակ են դնում «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը», - այսօր գրում է մոսկովյան "Коммерсантъ"-ը, տեղեկացնելով, որ «Գազպրոմ» ընկերության՝ Թուրքիայի տարածքով Հարավային Եվրոպա գազ արտահանելու հավակնոտ ծրագիրը հայտնվել է փակուղում:

«Տնտեսական գործոններից բացի, բանակցություններն այժմ բարդանում են քաղաքական մի գործոնի պատճառով ևս: Ապրիլի վերջին Վլադիմիր Պուտինը մեկնեց Երևան` մասնակցելով 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին: Այդ քայլը Անկարայի կոշտ դիվանագիտական արձագանքին արժանացավ», - հիշեցնում է մոսկովյան պարբերականը՝ նշելով, սակայն, որ երկու կողմերի միջև ընթացող բանակցությունների անհաջողության հիմնական պատճառները, այնուհանդերձ, տնտեսական են, այլ ոչ թե քաղաքական:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն մեկուկես ամիս է ինչ «Գազպրոմ»-ի և դրա թուրք գործընկերոջ` BOTAS ընկերության միջև ընթացող բանակցությունները հայտնվել են փակուղում: Երկու ընկերություններն էլ հույս ունեն անդրդվելի դիրքորոշման հաշվին զիջումներ կորզել հակառակ կողմից», - գրում է "Коммерсантъ"-ը` նշելով, որ Անկարայի և Մոսկվայի միջև տարաձայնությունների հիմնական պատճառը Թուրքիա մատակարարվող գազի գնի նոր, նվազեցված սակագինն է:

Հիշեցնենք՝ դեռ անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվեցին գազի սակագնի մոտ 6-տոկոսանոց նվազեցման մասին: Այս պայմանավորվածությունների հրապարակումից մի քանի օր անց Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց․ - «Ռուսաստանը որոշեց 6 տոկոսով նվազեցնել Թուրքիա մատակարարվող բնական գազի գինը: Այդ մասին հայտարարեց պարոն Պուտինը [Անկարայում կայացած] մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ ասուլիսից անմիջապես հետո մենք դիմեցինք նրան` ասելով, որ գնի նման իջեցումը նշանակալի չէ: Բանակցությունները այս խնդրի շուրջ դեռ շարունակվելու են»:

Ինչպես և խոստացել էր Թուրքիայի վարչապետը, բանակցությունները շարունակվեցին ևս մի քանի շաբաթ, և դրանց արդյունքում կողմերը կարծես կարողացան գալ ընդհանուր հայտարարի: Փետրվարին արդեն «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը մեկնեց Թուրքիա` խողովակաշարի շինարարության կոնկրետ մանրամասներին անդրադառնալու նպատակով:

Ստամբուլում կայացած երկօրյա բանակցություններից հետո Միլլերը հայտարարում էր․ - «Ժամկետները, որ մենք նախանշել ենք, հետևյալն են․ առաջին գազատար խողովակի շինարարությունը նախատեսվում է ավարտել արդեն 2016-ի տարեվերջին»:

«Այսօր, սակայն, բանակցությունները փաստորեն դադարեցված են, ինչի պատճառով երկու կողմերն էլ լուրջ կորուստներ են կրում», - գրում է "Коммерсантъ"-ը` մանրամասնելով․ - «Թուրքական գազային ընկերությունը` BOTAS-ը ստիպված է ռուսական գազը ձեռք բերել հին գնով` հազար խորանարդ մետրի դիմաց վճարելով 370 ամերիկյան դոլար, թեև եվրոպական շուկայում գինը գրեթե 100 դոլարով ցածր է»:

Թերթի տեղեկություններով՝ լրջագույն կորուստներ է կրում նաև «Գազպրոմ»-ը: «Ընկերությունն արդեն իսկ մի քանի հարյուր միլիոն դոլար է վճարել պարապուրդի մատնված հատուկ նավերի` բուլղարական Վառնա նավահանգստում կայանման համար: Այդ նավերը պետք է օգտագործվեն խողովակաշարի ստորջրյա հատվածի շինարարության ժամանակ», - գրում է "Коммерсантъ"-ը՝ հավելելով, որ «Գազպրոմ»-ը ստիպված է պայքարել նաև թուրքական շուկայում իր տեղը ուրիշ մատակարարներին չզիջելու համար:

Մոսկվացի վերլուծաբաններից ոմանք, սակայն, վստահ են, որ նույնիսկ քաղաքական սուր տարաձայնությունների պայմաններում, ինչպիսին էր, օրինակ, Ռուսաստանի նախագահի երևանյան այցը, Անկարան ցանկանում է սկսել «Թուրքական հոսք»-ի շինարարությունը:

Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Ալեքսեյ Գրիվաչը "Коммерсантъ"-ին փոխանցում է․ - «Դիվանագիտական փոխհրաձգությունները չեն կարող ստվերել այն իրողությունը, որ «Թուրքական հոսք»-ի շինարարությունը ձեռնտու է Անկարային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG