Մատչելիության հղումներ

Ազատ արձակվեց Շանթի և մյուսների գործով դատապարտվածներից Սևակ Մնացականյանը


Նա հայտարարեց, որ պայքարը չի ավարտվում, և որ «փակելով»՝ իրենց չեն լռեցնի։

Մեկուկես տարվա ազատազրկումից հետո՝ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ «արժեքների հեղափոխության» մասնակից Սևակ Մնացականյանը։

Մաշտոցի պողոտայում ոստիկանների հետ բախումներից հետո բանտում հայտնված Մնացականյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության համար։

«Փակելով՝ մեզ չե՛ք լռեցնի», - սրանք էին նրա առաջին խոսքերը ազատության մեջ. - «Պայքարը նենց բան է, որ չի դադարում կալանքով։ Տղանե՛ր, [իշխանություններին] մեզ հետ էս ձև հարցերը չեն լուծում, ոնց որ ուզում եք լուծել»։

Շանթի հետ հեղափոխության դուրս եկած Մնացականյանն անկեղծացավ՝ ուրախությունն այսօր լիարժեք չէ՝ ընկերները դեռ ճաղերի հետևում են. - «Մենակ մի բանի համար եմ վատ զգում, որ հիմա կողքիս չեն»։

«Յուրաքանչյուր քաղբանտարկյալի ազատ արձակումը հզորացնում է մեր պայքարն ու նոր հույսեր արթնացնում լավ օրվա համար», - ասաց Մնացականյանի հայրը՝ Բախշիկ Մնացականյանը։ Տղային ողջագուրվելուց հետո իր հիմնական առաքելությունը համարում է պայքարը դատապարտված մյուս անձանց ազատության համար։

Մնացականյանի ծնողները շարունակում են պնդել՝ մեկ տարի տևած դատավարության ընթացքում անտեսվել են իրենց ներկայացրած հիմնավորումները, հաշվի են առնվել նիստում ոստիկանների ցուցմունքները, արդյունքում՝ քաղաքական պայքարի դուրս եկած տղաները ճաղերի հետևում են հայտնվել խուլիգանության համար։

«Լրիվ սարքված թատրոն էր վերևից, թատրոն էր ուղղակի։ Արդեն գիտեինք՝ ինչ է լինելու։ Մանավանդ, որ ժամը 18-ին վերջացավ դատը, մի ժամ հետո դատավճիռը կարդացին։ Այսինքն ՝ դարակում դրած էր, հանեցին կարդացին», - ասաց Բախշիկ Մնացականյանը։

«Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված Շանթ Հարությունյանի և մյուս անձանց լուսանկարներով, «ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով ու տոնական շամպայնով, Սևակ Մնացականյանին դիմավորելու համար քրեակատարողական հիմնարկի բակ էին եկել երկու տասնյակից ավելի ակտիվիստներ։ Նրանց շարքերում էր նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը, ով ընդամենը 24 ժամ առաջ էր ազատ արձակվել նույն բանտից։ Սևակին, Շանթին և մյուս անձանց Սաֆարյանը համարում է իշխող ռեժիմի գերիներ։

«Քաղբանտարկյալը պատիժ չի կրում, քաղբանտարկյալը գերի է։ Ամոթ է, 21-րդ դարում ապրել մի պետությունում, որն ունի քաղբանտարկյալներ», - ասաց Սաֆարյանը։

Պարտվելով Վերաքննիչ դատարանում՝ փաստաբանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Շանթի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, լավատես չէ։ Նրա խոսքով, ակտիվիստները դատապարտվեցին քաղաքական պատվերով, հետևաբար նրանց ազատության հարցը որոշվելու է ոչ թե դատարանում, այլ հրահանգ իջեցնողի սենյակում։

«Ինչ-որ տեղ ուրախ ենք, որ Սևակն ազատ է արձակվել։ Բայց, երբ հետ ես նայում, թե ինչո՞ւ պետք է ազնիվ, հայրենասեր, նման պարկեշտ երիտասարդը տարիուկես անցկացներ ճաղավանդակների հետևում, միայն այն բանի համար, որ դուրս է եկել ազատության համար պայքարի, շատ մեծ ցավ եմ ապրում։ Ցավ եմ ապրում նաև մյուս տաղների համար, որոնք, լինելով նույն արժանիքները կրաղոները, այսօր դեռևս դատապարտված են», - ասաց Բադալյանը։

Սևակ Մնացականյանը նոյեմբերի 5-ի գործով արդեն երկրորդ ազատ արձակվածն է։ Ինը դեռ բանտերում են։ Ամենախիստ պատիժը Վահե Մկրտչյանինն է՝ յոթ տարվա ազատազրկում։

XS
SM
MD
LG