Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ՀԽ-ին խորհուրդ է տալիս․ «Թող զբաղվեն իրենց գործողությամբ»


ՀՀԿ-ն ՀԽ-ին խորհուրդ է տալիս․ «Թող զբաղվեն իրենց գործողությամբ»
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Իշխող Հանրապետականը հայտարարում է՝ Ժիրայր Սեֆիլյանը և նրա համախոհները հիմա արդեն կարող են իրականացնել իշխանափոխության իրենց ծրագիրը։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր էլ պնդեց՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորումը ճիշտ քայլ է եղել, ինքն էլ էր կողմնակից, որ ապրիլի 24-ի միջոցառումներին խանգարողները ժամանակավորապես մեկուսացվեին․ - «Ապրիլի 24-ն անցավ՝ ազատ են արձակվել: Բոլոր հրապարակները բաց են․ ցույցեր, միտինգներ, պահանջներ՝ թող զբաղվեն իրենց գործողությամբ: Ի՞նչ է նշանակում՝ ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհն էր այստեղ»:

Դիտարկմանը, թե Սեֆիլյանը խոստանում էր չխոչընդոտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և նրանց կալանավորումը շատերն են համարում քաղաքական հետապնդում, Բաղդասարյանը արձագանքեց՝ քաղաքական հետապնդման համար նախ պետք է քաղաքական գործիչ լինել, իսկ կալանավորելու համար օպերատիվ տվյալներ կային․ - «Ցանկացած հանցագործ, նույնիսկ մարդասպաններ կլինեն դրանք տարբեր բնույթի, երբ զգում են, որ իրենց արդեն պետք է ձերբակալեն, նրանք մի քաղաքական հայտարարություն են անում, որպեսզի իրենք դառնան քաղաքական հանցագործ: Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով իշխանափոխության համար հիմքեր ո՛չ ապրիլի 24-ից առաջ են եղել, ո՛չ էլ հիմա։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում, մինչդեռ, վստահ են, որ Ժիրայր Սեֆիլյանը և նրա համախոհները քաղբանտարկյալներ էին, նրանց ազատ արձակումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար պարզ է, որ իշխանությունները պարզապես վախենում էին ապրիլի 24-ին սպասվող միջոցառումից։ Պատգամավորի կարծիքով այդ հարցը կարելի էր օրենքի ուժով լուծել, այլ ոչ թե մարդկանց դեմ գործ սարքել․ - «Շատ պարզ ձև կար այդ ամեն ինչից խուսափելու՝ դա ուղղակի օրենքի ուժով արգելումն էր որևէ այլ միջոցառման անցկացումը, քան այն, ինչ ազգովին մենք բոլորս նշում էինք և որին մասնակցում էինք: Այ՝ սա է, որ ցույց է տալիս, որ նրանք ոչ թե օրենք են կիրառում, այլ զբաղված են պարզ քաղաքական հետապնդումներով»:

Իշխանությունների սուր արձագանքը անհասկանալի էր նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համար: Նրա կարծիքով «Հիմնադիր խորհրդարանի» շուրջ բարձրացած աղմուկն արհեստական էր, իշխանություններն էլ նպաստեցին, որ դրա մասին ավելի շատ խոսվի։ Նա վստահ է, որ ապրիլի 24-ին ոչինչ չէր ստացվի․ - «Ես չեմ կարծում, որ այդ նստածները այն առանցքային դեմքերն էին և այն հեղինակությունը ունեին ժողովրդի մոտ, որ նրանք բանտարկվեցին, դրա համար շարժումը մարեց»:

Դաշնակցությունում էլ կարծում են, որ հնարավոր զանգվածային անկարգությունները կանխվեցին: Հիմա, ըստ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, կարևոր է, որ տեղի ունեցածը իրավական հարթության մեջ մինչև վերջ բացահայտվի: Նրա խոսքով, եթե Սեֆիլյանը և նրա համախոհները կարծում են, որ իրենց հանդեպ կիրառված խափանման միջոցը անհիմն էր, ապա պետք է դատարան դիմեն․ - «Համենայնդեպս, այն հրապարակումները, որ իրավապահ մարմինները ներկայացրել են որպես հիմնավորում և իմ կողմից ուսումնասիրված Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները առերևույթ հնարավորություն են տալիս ասելու, որ եղել է օրենքի շրջանակներում»:

Ի տարբերություն Դաշնակցության՝ ԲՀԿ-ում վստահ են, որ կալանավորելու համար հիմքերը բավարար չէին, բայց բողոքարկելու հարցը պետք է «Հիմնադիր խորհրդարանի» անդամները որոշեն։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ դեպքերի նման զարգացում կանխատեսում էր, քանի որ Շուշիի ազատագրման օրը անհասկանալի կլիներ Ժիրայր Սեֆիլյանին ճաղերի հետևում պահելը։

Ի՞նչ է լինելու այսօրվանից հետո, կա՞ն արդյոք իշխանափոխության հիմքեր․ բացի Հանրապետականից խորհրդարանական մյուս ուժերը կարծում են, որ իշխանափոխություն պետք է, բայց տարբեր ձևերով են դա պատկերացնում։ Մինչև վերջերս էլ իշխանափոխության պատրաստվող ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց՝ քայլերը պետք է մանրամասն հաշվարկել․ - «Մեր օրակարգում ևս կա իշխանության գալու խնդիր, բայց դու պիտի կարողանաս հաշվարկել քո ռեսուրսները, ճիշտ գնահատել քո հնարավորությունները և քո մարտավարությունը կառուցես անխոցելի»:

XS
SM
MD
LG