Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովան ստանում է PEN ակումբի մրցանակը


Խադիջա Իսմայլովա, արխիվ
Խադիջա Իսմայլովա, արխիվ

Բաքվի բանտում գտնվող լրագրողին մրցանակը այսօր կշնորհվի հեռակա կարգով:

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան արդեն կես տարի է Բաքվի բանտում է։ Այսօր Նյու Յորքում նրան հեռակա կարգով շնորհելու են PEN ամերիկյան կենտրոնի Բարբարա Գոլդսմիթի «Գրելու ազատություն» մրցանակը։

Միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի իշխանությունը վրեժ է լուծում Խադիջա Իսմայիլովայից հետաքննական հոդվածներ ու հաղորդումներ պատրաստելու և քաղաքացիական գործունեություն ծավալելու համար, պահանջել են ազատ արձակել լրագրողին, ինչպես նաև շինծու մեղադրանքներով կալանավայրերում հայտնված մնացած ակտիվիստներին։

Ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանում անցած մի քանի ամիսների ընթացքում քրեական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացիական հասարակության մոտ 100 ներկայացուցիչ։

38-ամյա Իսմայիլովային ադրբեջանցի իրավապահները նախ փորձել են մեղադրել մի քաղաքացու ինքնասպանության փորձի հասցնելու համար։ Հետագայում այդ քաղաքացին` Թուրալ Մուստաֆաևը պաշտոնապես հրաժարվել է իր ցուցմունքներից, սակայն դատախազությունն Իսմայիլովայի նկատմամբ հարուցել է նոր գործ` հարկերից խուսափելու և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով։

Իսմայիլովան և նրա աջակիցները պնդում են, որ այդ բոլոր մեղադրանքները առաջադրվել են բացառապես քաղաքական դրդապատճառներով։

Իսմայիլովան իր հոդվածներում հաճախ է անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա մտերիմների և ադրբեջանցի բարձրաստիճան այլ պաշտոնյաների կոռուպցիոն գործողություններին։

«Մեղադրանքները շինծու են և անհեթեթ, Խադիջայի ձերբակալության նախօրեին նախագահի աշխատակազմը պնդում էր, թե Խադիջան Ամերիկայի լրտես է։ Իրականում նա բանտ է նետվել, որովհետև հետաքննել է կոռուպցիոն գործարքները, որովհետև Ադրբեջանի ռեժիմը համոզված է, որ կարող է լռեցնել ցանկացած քաղաքացու», - երեկ Նյու Յորքում հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևը։

Freedom House իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Արք Փադինգթոնը մարտին հայտարարել է, որ «Ադրբեջանը քաղաքական հալածանքների երկրի համբավ է ձեռք բերել»։

Անցյալ տարի Ադրբեջանի ոստիկանները փակել են «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը, հետապնդումների են ենթարկել ոչ իշխանամետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Մինչդեռ Բաքուն պատրաստվում է առաջին Եվրոպական խաղերին, որոնք կանցնեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո։ PEN կենտրոնը և իրավապաշտպան մի շարք կառույցներ Միջազգային օլիմպիական կոմիտեին հորդորել են դիմել Ադրբեջանի իշխանությանը և արծարծել Իսմայիլովային ազատ արձակելու հարցը։

Human Rights Watch կազմակերպությունն էլ եվրոպական երկրներին կոչ է արել ընդհանրապես բոյկոտել այդ խաղերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG