Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողը հայտարարել է, որ ճնշումների ներքո է Իսմայիլովայի դեմ ցուցմունք տվել


«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովա, արխիվ

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովա, արխիվ

«Ազատության» և Meydan TV հեռուստաընկերության նախկին թղթակից Թուրալ Մուստաֆաևը հայտարարել է, որ իրավապահ մարմինների ճնշումների ներքո է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեմ ցուցմունք տվել։

Ադրբեջանական contact.az-ի փոխանցմամբ՝ Մուստաֆաևը պատմել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ինքնասպանության նպատակով թույն է խմել։ Սակայն գործի քննության ժամանակ, Բաքվի դատախազությունում դատախազի առաջին տեղակալ Ազեր Ասկերովն ու քննիչ Վագիֆ Սուլեյմանովն իրեն ստիպել են դիմումում գրել՝ իբր ինքնասպանության է դրդել Իսմայիլովան։

«Ինձ ասացին, որ եթե ես չհամաձայնեմ դիմում գրել, ապա իմ տանը գաղտնի նկարահանված տեսանյութը կտարածվի համացանցում։ Իսկ այդ տեսանյութում մարդիկ կան, որոնց անունները ես նշել չեմ ցանկանում», - ասել է Մուստաֆաևը՝ չհստակեցնելով, թե ինչ է պատկերված տեսանյութում։

Հիշեցնենք՝ Խադիջա Իսմայիլովան ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Անցած տարվա դեկտեմբերի 27-ին Մուստաֆաևը հայտարարեց, որ հրաժարվում է Իսմայիլովայի դեմ իր բողոքից, սակայն վերջինս շարունակում է անազատության մեջ մնալ, քանի որ նրան առաջադրված մեղադրանքների ծավալը ընդլայնվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG