Մատչելիության հղումներ

logo-print

Շարմազանովը «օրինակելի» է համարում ԼՂ խորհրդարանական ընտրությունները


Հայաստանյան քաղաքական ուժերի գերակշիռ մասի գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ազատ էին, թափանցիկ ու ժողովրդավար:

Դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր Ստեփանակերտում տեղեկացրեց՝ նախորդ երեք օրերին հանդիպել են ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի հետ, իսկ ընտրությունների օրը չորս խմբով դիտարկել են քվեարկությունը՝ Ստեփանակերտից մինչև Մարտակերտ, Մարտունի ու Շուշի:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները, մեր դիտարկմամբ, եղել են ազատ, թափանցիկ, համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, որևէ ընտրատեղամասում որևէ խախտման դեպք մեր կողմից չի արձանագրվել», - նշեց նա՝ հավելելով․ - «Ընդհանուր առմամբ, մեր պատվիրակությունը այս ընտրությունները գնահատում է որպես ժողովրդավարական: Սրանք կարող են օրինակելի լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար»:

Շարմազանովի խոսքով, «այս ընտրություններով Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց իր ազատ, անկախ ապրելու իրավունքը»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան

«Կարծում եմ հերթական անգամ ԼՂՀ-ն ապացուցեց, որ ունենք կայացած պետություն և ժողովրդավարական ընտրություններ»,- «Ազատությանը» այսօր ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ շարունակելով․ - «Հատկապես Հայաստանից մեկնածները ասում են, որ ընտրությունները շատ ավելի ազատ ու արդար են, քան նույնիսկ Հայաստանում: Այս առումով մենք վաղուց էինք համոզվել, որ Ղարաբաղը կարողանում է իր պետականության հիմքերը ստեղծել և արդեն 6-րդ անգամ ընտրություններ անել»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները օրերս հայտարարություն էին տարածել, ըստ որի մի կողմից ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իր ապագա ճակատագիրը որոշելու հարցում, մյուս կողմից՝ հայտարարում էին, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, իսկ ընտրություններն էլ չեն կարող կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

Պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կունենա խորհրդարանական ընտրությունների անցկացումը ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա, Աղվան Վարդանյանը նշեց․ - «Այստեղ իսկապես նախորդ հայտարարությունից մի փոքր տարբերություն կա դրական առումով, և սա ողջունելի է: Այս ընտրություններին Լեռնային Ղարաբաղում մասնակցում էր մոտ 100 միջազգային դիտորդ 25 երկրներից և սա անարձագանք չի կարող մնալ»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյան

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով խորհրդարանական պատվիրակության կազմում դիտարկում էր ընտրությունները, այսօր ասաց՝ միջազգային հանրությունը այլևս գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի իր սեփական կյանքը կազմակերպելու:

«Մրցակցային, ազատ, թափանցիկ ընտրություններ էին: Ուրախ եմ, որ քաղաքական պայքար եղավ, ուրախ եմ, որ դրա հետ միասին հարգանք ձևավորվեց, որտեղ խնդիրները չէին անձնավորում, չէին պիտակավորում: Հնարավորություն կար բոլորին՝ մտքերը տեղ հասցնել: Ստուգելով, տեսնելով, դիտորդական առաքելություններ անելով՝ աշխարհում ուշ, թե շուտ ձևավորվելու է գիտակցումը, որ Արցախը կայացած միավոր է և այն ամբողջական իրավունք ունի ճանաչվելու և դառնալու միջազգային հանրության արժանի մասը»:

Լևոն Զուրաբյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար

Լևոն Զուրաբյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «ղարաբաղյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դեռ չի ցանկանում գնահատական տալ, որովհետև շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հանրության տարբեր հատվածների, հասարակական կազմակերպությունների հետ, ուսումնասիրում են ՀՀ խորհրդարանական պատվիրակությունում ՀԱԿ ներկայացուցչի տրամադրած տեղեկությունները, ու երբ այս ամենը կամփոփվեն, այդ ժամանակ էլ գնահատական կտրվի»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG