Մատչելիության հղումներ

Հաղթանակի 70-ամյակի հանդիսություններին Մոսկվա կժամանի 29 երկրի նախագահ


Ռուսաստան, Մոսկվա - Մայիսի 9-ի զորահանդես Կարմիր հրապարակում, արխիվ

Ռուսաստան, Մոսկվա - Մայիսի 9-ի զորահանդես Կարմիր հրապարակում, արխիվ

Արևմտյան առաջնորդներից մայիսի 9-ին Մոսկվայում կլինի միայն Չեխիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը կժամանի մայիսի 10-ին:

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կապակցությամբ Ռուսաստան է ժամանելու, այսօրվա տվյալներով, 29 երկրի նախագահ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

Նա խոստովանել է, որ արևմտյան առաջնորդները Մոսկվա չեն ժամանի, քանի որ այսօր Արևմուտքի հետ Ռուսաստանն ունի բարդ հարաբերություններ:

Փաստորեն, հանդիսություններին ներկա կլինեն շուրջ մեկ տասնյակ նախագահներ պակաս, քան տասը տարի առաջ՝ Հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին:

Արևմտյան առաջնորդներից մայիսի 9-ին Մոսկվայում կլինի միայն Չեխիայի նախագահը, ով, սակայն, շքերթին չի մասնակցելու: Գերմանիայի կանցլերը Մոսկվա կժամանի մայիսի 10-ին՝ տոնակատարությունների հաջորդ օրը, և Ռուսաստանի նախագահի հետ միասին ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին:

ԱՊՀ-ի երկրների ղեկավարներից Մոսկվայում չեն լինի Մոլդովայի և Բելառուսի նախագահները․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մայիսի 9-ին մասնակցելու է Մինսկում կայանալիք շքերթին:

Մայիսի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու են Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը և ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովը, ինչի մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հայտարարել էր, որ մայիսի 8-ին Մոսկվայում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:

XS
SM
MD
LG