Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ընտրությունների արդյունքների նախնական տվյալներ դեռ չեն հրապարակվում


Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում, 3-ը մայիսի, 2015թ․

Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում, 3-ը մայիսի, 2015թ․

ԿԸՀ նախագահի՝ կեսգիշերին նախատեսված ասուլիսը չկայացավ:

Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Ազգային ժողովի 33 մանդատները ստանալու համար պայքարում է 7 քաղաքական ուժ: Ընտրություններին հետևել են շուրջ 100 դիտորդներ նաև եվրոպական երկրներից՝ չնայած պաշտոնական Բաքվի սպառնալիքներին:

Ընտրությունների քվեարկությունը ավարտվեց ժամը 20-ին: Ընտրական տեղամասերը փակվեցին, ինչից հետո սկսվեց ձայների հաշվարկը:

Ընտրություններին մասնակցել է 72 հազար 39 մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի 70․6 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով՝ տարածքային ոչ մի ընտրական հանձնաժողով ընտրությունների ընթացքի վերաբերյալ գրավոր դիմում-բողոք չի ստացել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել երեք բողոք կամ դիմում, որոնցից երկուսին հարցը կարգավորված է ի օգուտ դիմումատուների, իսկ մեկը քննարկման փուլում է», - ասաց Արզումանյանը:

Ուշագրավ է, որ մինչև այս պահն ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի տվյալ չի հրապարակում:

Կեսգիշերին նախատեսվում էր հանձնաժողովի նախագահի ասուլիսը՝ սպասվում էր, որ Արզումանյանը կներկայացնի ընտրությունների արդյունքների նախնական տվյալները: Վերջին պահին ԿԸՀ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ասուլիսը չեղյալ է համարվում, քանի որ հանձնաժողովը դեռ չի հասցրել ամփոփել շուրջ 70 հազար ընտրողների քվեարկության արդյունքները: ԿԸՀ-ի ներկայացուցիչները հղում էին կատարում Ընտրական օրենսգրքին, համաձայն որի՝ հանձնաժողովը նախնական արդյունքները կայքում տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների մասին վերջին տեղեկությունները ստանալուց հետո ոչ ուշ քան քվեարկության ավարտից հետո 24 ժամվա ընթացքում:

Այսօր ժամը 13-ին նախատեսվում է Սրբուհի Արզումանյանի ասուլիսը, որի ընթացքում էլ հրապարակվելու են արդյունքները:

Լրագրողների հետ կհանդիպեն նաև միջազգային ու հայաստանյան դիտորդներն ու ընտրություններին մասնակցող կուսակցություների ներկայացուցիչները:

XS
SM
MD
LG