Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ղարաբաղյան 7 քաղաքական ուժեր։

Այսօր առավոտյան ժամը 8-ից բացվել են Լեռնային Ղարաբաղի 278 ընտրատեղամասերը:

ԼՂ-ի ԿԸՀ-ից հաղորդում են, որ ժամը 17:00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է 62 հազար 859 ընտրող (61,9 %): Ընտրողների ընդհանուր թիվը 101 հազար 653 է:

Առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարեց նախագահ Բակո Սահակյանը: Անդրադառնալով այն փաստին, որ միջազգային կառույցները չեն ընդունում Ղարաբաղի ընտրությունները, Սահակյանն ասաց, թե այս ընտրություններից առաջին հերթին շահելու են երկիրը և քաղաքացիները:

«Դա դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվում ենք և շեղվելու ենք մեր իսկ կողմից ընտրած ուղուց: Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը, սկզբունքայնությունը ուղեկցել ու ուղեկցում է մեզ: Եվ այդ հատկանիշների գործադրումը օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաև՝ նվաճումներ ձեռք բերել, հաջողություն արձանագրել», - նշեց նա:

Ղարաբաղի վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե քվեարկել է հանուն երկրի ապագայի: Խոսելով ընտրությունների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին՝ Հարությունյանն ասաց, թե այս ընտրություններն ավելի շատ ժողովրդին են պետք:

«Իհարկե ցանկալի կլիներ, որ միջազգային կառույցները, տարբեր երկրներ ևս գնահատեին մեր այս ժողովրդավարական քայլը, բայց ինձ համար ավելի կարևոր է մեր ժողովրդի գնահատականը», - ասաց վարչապետը:

Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե հավանաբար ուժերի դասավորությունը գալիք խորհրդարանում կպահպանվի:

«Այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային էին, նախընտրական շրջանը լրիվությամբ բացահայտել է բոլորի հնարավորությունները, և այս իմաստով ես կարծում եմ՝ սահմանափակումներ չեն եղել: Ինձ թվում է քաղաքական դաշտը ավելի լայն ներկայացված կլինի խորհրդարանում», - նշեց նա:

Ընտրություններին մասնակցել է նաև Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա հույս հայտնեց, որ գնալով Ղարաբաղն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա:

Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանն անդրադարձավ Ղարաբաղում խորհրդարանական կառավարման մոդելը ներդնելու մասին խոսակցություններին․ նրա կարծիքով, դա ժողովրդի որոշելիքն է:

«Քանի որ Հայաստանում այսօր այդ գործընթացներն են ընթանում, բնական է, որ այդ մասին խոսում են ղարաբաղցիները, բայց ինձ թվում է՝ պետք չէ շտապել, տեսնենք՝ ինչով կավարտվեն այդ պրոցեսները Հայաստանում», - ասաց նա՝ խուսափելով ներկայացնել իր կարծիքը: Ասաց, որ դրա ժամանակը չէ, ավելի ուշ կխոսի այդ մասին:​

Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը լուրջ խախտումներ առայժմ չեն հայտնաբերել:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լրագրողներին փոխանցեց, որ հիմնականում որոշ թերություններ են նկատել:

«Կան մարդիկ, ովքեր անձնագրի փոխարեն փորձում են ներկայանալ անձնագրի պատճենով: Որևէ ահազանգ կոնկրետ չկա, խոսքը հիմնականում փոքր թերությունների մասին է, որոնց վստահված անձինք հանձնաժողովի հետ միասին փորձում են լուծումներ տալ», - ասաց նա:

Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Շարժում-88»-ի համամասնական ցուցակը գլխավորող Վիտալի Բալասանյանը ևս հայտարարեց, թե լուրջ խախտումներ առայժմ չկան:

«Մենք կապ ենք պահում բոլոր ընտրատարածքների հետ, մանավանդ մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեր թեկնածուների ընտրատարածքներում: Նորմալ է ընթանում, երևի առաջին անգամ է Ղարաբաղում այսպես: Օրվա կեսի դրությամբ եթե համեմատենք ու զուգահեռներ անցկացնենք դեռևս այսպիսի լավ, համերաշխ ընտրություններ չեն եղել այս պահի դրությամբ», - նշեց Բալասանյանը:

Ընտրություններին հետևում են շուրջ 100 միջազգային դիտորդներ:

Էլսի Քոյը Հունաստանից է, ընտրություններին հետևել է Ստեփանակերտում, պատահականության կարգով այցելել են տարբեր ընտրատեղամասեր:

«Մինչև այս պահը ընտրությունները շատ հանգիստ են ընթանում: Ես մասնակի պատկերացում ունեմ ընթացող ընտրական գործընթացի մասին, ընտրություններն այլ կերպ են ընթանում մայրաքաղաքում, այլ կերպ՝ շրջաններում: Անձամբ այցելել եմ 9 տեղամասեր ու գոհ եմ ընթացքից», - ասաց դիտորդը:

Գործընթացին հետևում են նաև դիտորդներ Հայաստանից։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ընտրությունները հանգիստ են ընթանում: Բացի Ստեփանակերտից եղել է նաև Ասկերանի, Մարտունու ընտրատեղամասերում:

«Ընդամենը երկու փոքրիկ իրավիճակ եմ նկատել, անձնապես խնդրել եմ, որ գրառում անեն․ մի հոգի երկու քվեաթերթիկներից մեկը մոռացել էր սեղանին, հանձնաժողովը գրանցել է, որ մոռացվել է և վերացրել են, մեկն էլ խնդրել է կողքինին իրեն օգնի, քանի որ ակնոցներն է մոռացել: Շատ հանգիստ մթնոլորտում անցնում է, մենք երևի Հայաստանից իմաստ ունի գանք, այստեղ սովորենք՝ ինչպես կազմակերպել», - ասաց Թևան Պողոսյանը:

Ընտրատեղամասերը կփակվեն երեկոյան ժամը 8-ին: Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան այսօր, ուշ երեկոյան:

XS
SM
MD
LG