Մատչելիության հղումներ

Օզդեմիրը Անկարային խորհուրդ է տալիս ավելի մեղմ մոտեցում որդեգրել


Հայաստան - Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 16-ը մարտի, 2015թ․

Հայաստան - Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 16-ը մարտի, 2015թ․

«Նման պահվածքով նոր ընկերներ ձեռք բերել հնարավոր չէ՝ կարելի է միայն կորցնել հներին», - համոզված է Գերմանիայի Կանաչների կուսակցության փոխնախագահը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև ծագած լարվածության պատճառը Ռեջեփ Էրդողանի գործողություններն են: Երեկ թուրքական Zaman օրաթերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Նրա համոզմամբ՝ պաշտոնական Բեռլինի տեսակետների կարծրացման վրա ազդող գործոնների թվում են հայ - թուրքական սահմանի փակ լինելը, ինչպես նաև Էրդողանի ապրիլի 15-ի հայտնի ելույթը, որում նա սպառնում էր Թուրքիայից վտարել այնտեղ բնակվող հազարավոր հայաստանցիներին: Այդ նույն ելույթում, հիշեցնենք, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Հայկական հարցում Եվրոպայից հնչեցվող քննադատությունը «Թուրքիայի մի ականջից մտնում է և մյուսից դուրս գալիս»:

«Էրդողանի նման կոշտ ելույթները տեղին չեն: Բազմաթիվ կորսված հնարավորություններ են առկա, օրինակ՝ երբ [Թուրքիան] հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանը: Եվ այդ ամենից հետո դեռ Թուրքիան էլ մտահոգվում է, որ Գերմանիան կոշտ դիրքորոշում է որդեգրել», - նկատում է Ջեմ Օզդեմիրը:

«Այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է», - Zaman-ին տված հարցազրույցում նշում է Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահը` խորհուրդ տալով թուրքական իշխանություններին ավելի մեղմ մոտեցում որդեգրել: «Նման պահվածքով նոր ընկերներ ձեռք բերել հնարավոր չէ, հակառակը՝ նման պահվածքով կարելի է միայն կորցնել հներին», - ընդգծում է Ջեմ Օզդեմիրը, ով, հիշեցնենք, ինքը ծնունդով Թուրքիայից է:

Գերմանիայի կանաչների կուսակցության առաջնորդը ծնվել է 1965 թվականին անատոլիական Թոքաթ քաղաքում` չերքեզական ծագում ունեցող ընտանիքում: 60-ականների վերջին նա ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա և համալսարանական կրթություն ստանալուց հետո սկսել է զբաղվել քաղաքականությամբ: 2008-ի աշնանից Օզդեմիրը Կանաչների կուսակցության երկու համանախագահներից մեկն է: Կուսակցությունը Գերմանիայի Բունդեսթագում 63 մանդատ ունի` դա գերմանական դաշնային խորհրդարանի տեղերի ուղիղ 10 տոկոսն է կազմում:

Մոտ երկու ամիս առաջ Օզդեմիրը Երևանում էր, որտեղ այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ ապրիլի 24-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված քննարկումների ժամանակ նա հատուկ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի նախագահին` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելու համար:

«Ես շնորհակալությում են հայտնում Դաշնային նախագահ Գաուքին` ցեղասպանություն բառն արտաբերելու համար: Ի վերջո եկել է մի ժամանակ, երբ մենք պետք է իրերը կոչենք իրենց անունով: Եթե Հրանտ Դինքն այսօր ողջ լիներ, Թուրքիան շատ ավելի առաջադեմ պետություն կլիներ: Եթե Կոմիտասը ողջ լիներ, աշխարհում այսօր ավելի շատ երաժշտություն կլիներ: Ի վերջո, թուրք երեխաները չպետք է համոզված լինեն, որ Թալեթ փաշան կամ Էնվեր փաշան հերոսներ են», - նշում էր Օզդեմիրը Բունդեսթագի ապրիլի 24-ի նիստի ընթացքում:

XS
SM
MD
LG