Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղում ավարտվեց նախընտրական քարոզարշավը


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը

Այսօր ավարտվեց Լեռնային Ղարաբաղի վեցերորդ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Այս կիրակի կայանալիք ընտրություններում պայքարում են ղարաբաղյան 7 քաղաքական ուժեր: Երկրի խորհրդարանի 33 պատգամավորից 22-ն կընտրվեն համամասնական, 11-ը` մեծամասնական ընտրակարգով:

Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերը դժգոհում էին անհավասար պայմաններից, իշխող կուսակցությունն պնդում էր, թե քարոզարշավն անցել է ժողովրդավարական երկրի կանոններին համահունչ:

Նախորդ գումարման խորհրդարանի մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե քարոզարշավի ընթացքում կուսակցությունների ու թեկնածուների համար ստեղծված էին հավասար պայմաններ սեփական քարոզչությունն իրականացնելու ու ծրագրերը ժողովրդին ներկայացնելու համար:

«Կարծում եմ, որ այն բոլոր հարցերը, այն բոլոր խնդիրները որոնք ժողովրդի կողմից այս ընթացքում բարձրացվել են, անպայման դառնալու են մեզ համար աշխատանքային ծրագիր, և հաջողություն ունենալու դեպքում մենք անպայման հետամուտ ենք լինելու այդ ծրագրերը կյանքի կոչելուն»,- ասում է Պողոսյանը:

«Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, մինչդեռ, հակադարձում է՝ պնդելով, որ իշխանությունները վարչական ռեսուրս օգտագործելու փորձեր են կատարել։ Խանումյանը, ով ցանկանում է նոր խորհրդարանում զբաղեցնել ընդդիմադիր պատգամավորի թափուր աթոռը, հիշեցնում է իր գլխավորած կուսակցության նկատմամբ կիրառված ճնշումների մասին:

«Խնդիրն այն է, որ մենք նախօրոք գիտեինք այդ ճնշումների մասին, նախօրոք գիտեինք իշխանությունների մակարդակի ու որակների մասին, հետևաբար փորձել ենք անտեսել այդ ճնշումները, բայց ամենամեծ ճնշումն այն եղավ, որ կուսակցությունը իր կենտրոնական գրասենյակի տարածքից զրկվեց, տիրոջ վրա ճնշումներ եղան, ինչպես նաև զանազան ճնշումներ են եղել տարբեր համակիրների նկատմամբ: Այս առումով, բնականաբար, հավասար չէ, իշխանությունները ամեն կերպ փորձել են իրենց վարչական լծակները օգտագործել»,- ասում է Խանումյանը:

Թեև միջազգային հանրությունը հայտարարում է, թե չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները, այդուհանդերձ, այս ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ են ներկայացրել նաև տասնյակ միջազգային դիտորդներ։ Ընդհանուր առմամբ մոտ 100 հոգի, այդ թվում եվրոպացի, ամերիկացի, Խորհրդային Միության նախկին երկրներից ժամանած դիտորդները այս օրերին հավատարմագրվում են Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Հավատարմագիրն առաջինը ստացողներից մեկը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան է: Դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացել է նախագահ Բակո Սահակյանից, ասում է՝ տասներորդ անգամն է Ղարաբաղում:

«Առաջին օրը մենք այցելել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանոթացել քարոզարշավին, ամեն ինչ հանգիստ էր։ Հանդիպումներ ենք ունեցել մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, մյուսների հետ կհանդիպենք վաղը, մեր հանդիպումների ժամանակ նրանք գոհունակություն էին հայտնում քարոզարշավի ընթացքից»,- նշում էր ֆրանսիացի գործիչը:

Ֆրանսիացի պատգամավորը տեղյակ է Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքների մասին։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն այսօր հայտարարությամբ սպառնացել է, թե Ղարաբաղում սպասվող ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց նկատմամբ քրեական հետապնդում կհայտարարի։

Ռոշբլուանի խոսքով՝ նման հայտարարությունները չեն կարող խոչընդոտել իր այցը Ղարաբաղ.- «Դա ինձ չի հուզում, դա իմ խնդիրը չէ, և ես շատ վաղուց է, որ պարբերաբար գալիս եմ Ղարաբաղ, շատ վաղուց նրանց սև ցուցակում եմ։ Որքան փորձեն խոչընդոտել իմ այցը, այնքան ավելի է մեծանալու ցանկությունս այստեղ լինելու, որովհետև միջազգային դիտորդների առկայությունը շատ կարևոր է Ղարաբաղում»։

Ղարաբաղցիներին ևս չի հետաքրքրում միջազգային հանրության և Ադրբեջանի վերաբերմունքը իրենց ընտրությունների վերաբերյալ: Ասում են՝ անպայման մասնակցելու են ընտրություններին, ավելին՝ հույս ունեն, որ հենց խորհրդարանն է նպաստելու երկրի միջազգային ճանաչմանը:

XS
SM
MD
LG