Մատչելիության հղումներ

Առայժմ միայն ՀՅԴ-ն է առաջարկներ ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ


Մայիսի 5-ին ավարտվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու ժամկետը, սակայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական խորհրդակցությունների մասնակցած ուժերից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հայեցակարգի վերաբերյալ գրավոր առաջարկներ է ներկայացրել միայն Դաշնակցությունը:

«Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի», ՀՀՇ-ի, Ազատ դեմոկրատների ներկայացուցիչները «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն էլ պատրաստվում առաջարկներ ներկայացնել: Խորհրդարանական ուժերից՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը դեռ մտածում է, ասում է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ բովանդակային քննարկումների մեջ չեն մտնելու, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել: Կուսակցությունում կարծում են, որ փոփոխություններով իշխանությունը վերարտադրության ծրագիր է իրականացնում:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ «Բարգավաճ Հայաստանն» առաջարկներ չի ներկայացրել, քանի որ այս պահին, երբ կա Ղարաբաղի չլուծված խնդիր, ներքին և արտաքին կայունության ապահովման հարցեր, խորհրդարանական համակարգի անցման հարցում ռիսկեր է տեսնում:

«Որոշումների առաջնային մանդատ տալ մի խորհրդարանի, որի պատկերը մենք տեսնում ենք․․․ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր սթափ քաղաքացի հասկանում է դրա բոլոր հնարավոր հետևանքները: Չբերենք օրինակներ, բայց կան պատգամավորներ, որոնք, օրինակ, ԵԱՀԿ-ն Եվրատեսիլից չեն տարբերում: Այս բոլոր ռիսկերը պետք է լրջագույնս հաշվի առնվեն», - հավելեց նա:

Դաշնակցությունն իր առաջարկները ներկայացրել է դեռ հունվարին: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, մասնագիտական հանձնաժողովը քննարկում է դրանք:

«Մենք մեր քաղաքական «այո»-ն արդեն ասել ենք: Երկու գլխավոր խնդիր ունենք մենք Հայաստանում․ գերկենտրոնացված իշխանություն, որը բերել է մենիշխանության, և այս վիճակը պետք է վերացվի, և կա մի վիճակ, որ ընտրություններով Հայաստանում մինչև օրս, ըստ էության, իշխանությունները չեն փոխվել, և ուրեմն ընտրական համակարգը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն տա լեգիտիմ իշխանափոխության»:

Չնայած հանրապետական շատ գործիչներ մինչև այսօր էլ չեն բացառում, որ քննարկման կարող է դրվել սահմանադրական բարեփոխումների երկու նախագիծ, Ռուստամյանը կասկածում է:

«Վստահ եմ, որ պետք է հենվել այն հայտարարության վրա, որը նախագահը կատարել է, որովհետև նա հավանություն է տվել այն հայեցակարգին, որը ենթադրում է անցում խորհրդարանական համակարգի: Ուրեմն այս հանձնաժողովը աշխատում է այդ հայեցակարգի վրա», - կարծիք հայտնեց նա:

Իշխող Հանրապետականը հույսը դեռ չի կորցրել, որ սահմանադրական փոփոխությունները կհետաքրքրեն ավելի մեծ թվով քաղաքական ուժերի:

«Երբ որ նախագիծը կլինի, և՛ Հանրապետականը, և՛ այլ քաղաքական ուժեր ավելի բովանդակային քննարկման ժամանակ կունենան թե՛ Ազգային ժողովում, և թե՛ նաև այն հանրային քննարկումներում, որոնք կկազմակերպի մասնագիտական խումբը», - ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այժմ աշխատում է նախագծի վրա: Իսկ մե՞կ, թե՞ երկու նախագիծ, այնուամենայնիվ, կպատրաստվի հարցին Սահակյանը պատասխանեց․ - «Այս ընթացքում, երբ որ քաղաքական ուժերը բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ կքննարկեն և իրենց մոտեցումները կներկայացնեն, այդտեղից էլ պարզ կլինի՝ արդյո՞ք անհրաժեշտությունը կա երկրորդի, թե՞ սա բոլորի համար ընկալելի է, ընդունելի է»:

Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին չէր հրավիրել գործընթացի ամենաջերմեռանդ հակառակորդ Հայ ազգային կոնգրեսին: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց՝ ՀԱԿ-ը պնդում է, որ Սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն Հայաստանում չկա, գործընթացը նախաձեռնվել է Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար:

«Այսօր Հայաստանի հիմնական խնդիրները ամբողջապես ուրիշ դաշտում են՝ արտագաղթ, տնտեսական ձախողումներ, սոցիալական ահավոր լարված վիճակ: Սա է պետք կասեցնել, կանգնեցնել, ոչ թե փոխել մի Սահմանադրություն, որը բացարձակ մեղք չունի այս ամենում», - ասում է նա:

Եթե իշխանությունն, այնուամենայնիվ, որոշի հանրաքվե անցկացնել, ասաց Մանուկյանը, ամեն ինչ անելու են, որ այն ձախողվի:

«Եթե մայիսի 5-ին իրենք քայլ անեն, դրա հետ կապված արդեն կմտածենք մեր մեսիջները հասարակությանը ինչ ձևով ենք անում և ինչ մեսիջներ ենք տալիս: Մենք համբերատար սպասեցինք, մինչև Ցեղասպանության տարելիցը անցավ, և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում իրենք պետք է, որ քայլ անեն: Եթե Սահմանադրության հետ կապված ինքը քայլ անի, նոր արդեն մենք կմշակենք մեր անելիքը», - հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG