Մատչելիության հղումներ

logo-print

Նաիրիտցիներին չհաջողվեց մոտենալ նախագահին


«Նաիրիտ» գործարանի ներկա և նախկին աշխատողներն այսօր բողոքի երթ կազմակերպելու մտադրությամբ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ դարձյալ պահանջելու ավելի քան 1.5 տարվա չստացած աշխատավարձը։

Տեղեկանալով, որ Հայաստանի նախագահը տոնական համերգին ներկա գտնվելու համար գալու է Օպերայի և բալետի թատրոն, ցուցարարները որոշեցին սպասել նրան և փորձել բարձրաձայնել իրենց պահանջները։

Ոստիկանները, սակայն, անմիջապես պատ կազմեցին և նաիրիտցիներին հրելով հեռացրեցին տարածքից՝ ասելով, թե վերջիններս խանգարում են արարողակարգի պահպանմանը։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թեև ոստիկաններին կարգադրում էր ցուցարարներին հեռացնել տարածքից, այնուամենայնիվ, շնորհավորեց նրանց աշխատավորների տոնի կապակցությամբ, ինչին ցուցարարները սուլոցներով արձագանքեցին։ Փոխոստիկանապետը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է, նաիրիտցիները հակադարձեցին՝ արդեն երկար ժամանակ է իրենց իրավունքներն են խախտվում։

«Խնդրում եմ, մի նեղացեք ոստիկանությունից, անկեղծ եմ ասում, մենք ձեր վիճակի մեջ մտնում ենք, հասկանում ենք և գիտակցում ենք, թե ինչ խնդիրներ ունեք, մտնում ենք ձեր դրության մեջ, ձեր պահանջը արդարացի է, սակայն ձեզ խնդրում եմ ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։ Ձեր հարցի լուծմանը հասեք սահմանադրական ճանապարհով, պետք չէ բախում ստեղծել ոստիկանության հետ»,- հայտարարեց Օսիպյանը։

Թեև գործարանում անցկացված աուդիտը վաղուց ավարտվել է, սակայն կառավարությունը դեռ չունի այն հարցի պատասխանը, թե արդյոք հնարավոր է վերագործարկել քիմիական երբեմնի հսկան։ Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքին, ապա վարչապետի հետ վերջին հանդիպումից հետո նաիրիտցիներին վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ։

«Անընդհատ շահարկվող Համաշխարհային բանկի աուդիտի խնդիրը արդեն ծիծաղելի է դառնում, երբ երկրի վարչապետի մակարդակով ասվում է՝ գիտեք, անգլերեն պատասխանը ստացել ենք, ամբողջ կառավարությունում անգլերեն կարդացող չկա, սպասում ենք թարգմանեն, որպեսզի իմանանք պատասխանը ինչ է, ձեզ էլ կասենք։ Ակնհայտ է, որ ժամանակ է ձգվում, մենք էլ սպասում ենք, բայց իրենք պիտի հասկանան, որ էդ սպասումը, էդ ձգվող լարը ինչ-որ տեղ կարող է կտրվել»,- ասաց բողոքի ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։

Ցույցի մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց մոտենալ նախագահ Սարգսյանին, և նրանք երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։ Ավագ սերնդի նաիրիտցիները հիշում էին նախկինում մեծ շուքով նշվող մայիսի 1-ը. այժմ ստիպված ենք բոլորովին այլ բովանդակության պաստառներով երթի դուրս գալ, ասում էին նրանք.- «Մայիսի 1-ը մեզ համար չէ, սոված մարդու համար ի՞նչ մայիսի 1»։

XS
SM
MD
LG