Մատչելիության հղումներ

Հայաստանում կարող է ներդրվել պրոբացիոն համակարգ


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Արխիվ:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Արխիվ:

Պրոբացիան այլընտրանքային պատիժների կիրառում է նախատեսում կալանքի կամ կարճաժամկետ ազատազրկման փոխարեն:

Կառավարությունը երեկ հավանություն տվեց պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին։ հանրային աշխատանք, տնային կալանք՝ էլեկտրոնային մոնիթորինգի հնարավորությամբ։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ պրոբացիոն ծառայության ստեղծումն այսօր շահավետ է նաև ֆինանսական տեսանկյունից․ - «Եթե համեմատենք մեկ անձի քրեակատարողական հիմնարկում պահվելու, օրինակ, 2013 թվականի ցուցանիշները (պետական բյուջեով նախատեսված)՝ ընդհանուրը տարեկան 1 միլիոն 786 հազար 100 դրամ կամ օրական 4893 դրամ, պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո գտնվող անձի վրա կատարվելիք ծախսի հետ՝ տարեկան 2300 դրամ կամ 35 դրամ օրական, ապա տարվա ընթացքում տարբերությունը, այսինքն մեր խնայողությունը մոտավորապես կարող է կազմել 2 միլիարդ 200 միլիոն դրամ»:

Պրոբացիայի ներդրումը, ըստ նախարարի, դրական է նաև սոցիալական առումով․ - «Ինչքան անձը ավելի մեկուսացված չլինի հասարակությունից, հետագայում նրա նաև վերասոցիալականացման պրոցեսները ավելի հեշտությամբ կարող են իրականացվել: Նաև ազատազրկման վայրերում գտնվող մեր քաղաքացիների ընտանիքների վրա լուրջ սոցիալական բեռ կա՝ տեսակցություններ, այցելություններ, ինչը ևս կարող է հավելյալ օգուտ լինել այս ծառայության ներդրման տեսակետից»:

Չնայած գործադիրի որոշմանը՝ Գլխավոր դատախազությունն առարկություններ ունի մինչդատական վարույթում պրոբացիոն պատիժների կիրառման հետ կապված։ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պարզաբանմամբ՝ խնդիրն առնչվում է պրոբացիոն ծառայողին, որը պետք է կարծիք ներկայացնի նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցի ընտրության վերաբերյալ։

Ըստ դատախազի, խնդիր կա նաև, թե ինչ չափով պետք է դատարանը հաշվի առնի պրոբացիոն ծառայողի կարծիքն այդ հարցում։ Կոստանյանի խոսքով՝ որպեսզի պրոբացիոն ծառայողը որոշի, թե ինչ խափանման միջոց պետք է կիրառել, ապա, բացի տվյալ անձին բնութագրող հատկանիշներին ծանոթ լինելուց, նա պետք է առնվազն տեղյակ լինի նաև քրեական գործի մանրամասներից․ - «Ամբողջ քրեական գործի մասին պետք է պատկերացում ունենա, որ իր կողմից ներկայացված կարծիքը՝ խափանման միջոց կիրառելու կամ չկիրառելու հետ կապված, լինի․ առաջին՝ արժանահավատ, երկրորդ՝ օբյեկտիվ»:

Կոստանյանը նաև մտահոգված է հանգամանքով, որ պրոբացիոն ծառայողն իր ներկայացրած կարծիքի համար պատասխանատվություն չի կրում, ինչն էլ կոռուպցիոն ռիսկեր կարող է առաջացնել․ - «Մենք կարծում ենք, որ եթե անգամ մենք հայեցակարգում պետք է նկատի ունենանք առաջին փուլի, այսինքն՝ մինչդատական վարույթում այդ ծառայողի ներգրավվածության հարցը, այդ հարցին մենք պետք է առնվազն վերապահում մոտենանք, որպեսզի դա պրոբացիոն ծառայության ներդրման սկզբնական փուլում տեղ չգտնի»:

Արդարադատության նախարարը թեև համարում է, որ Կոստանյանի բարձրաձայնածի շուրջ բանավիճելու տեղ կա, այդուհանդերձ նրա համար Գլխավոր դատախազի առաջարկն ընդհանուր առմամբ ընդունելի է։

Ազգային անվտանգության ծառայութան տնօրեն Գորիկ Հակոբյանը ևս վստահ է, որ մինչդատական վարույթում պրոբացիոն ծառայության ներդրումը լի է կոռուպցիոն ռիսկերով․ - «Հայաստանի պայմաններում փաստորեն ծնում ենք մի մարդու, որը տանը նստած է, իսկ մենք պետք է ստիպված նայենք, թե հարյուրից քանի գործն է փողերը վերցնում-սարքում: Հայաստանում այս պահին մեր մակարդակը չի հասել նրան, որ այդպիսի մարդիկ լինեն: Դատավորն էլ պետք է ենթարկվի Արդարադատության նախարարությանը, այդ ծառայության աշխատակիցն էլ պետք է ենթարկվի Արդարադատության նախարարությանը: Սա նշանակում է, որ հարցը ինչ-որ էտապում մի հոգով կլուծեն կաֆեներում, տարբեր տեղերում»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Գլխավոր դատախազի ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մտահոգություններում պատժիչ ֆունկցիաներ ունեցող կառույցներին բնորոշ հոգեբանության դրսևորումներ է տեսնում․ - «Կարծում եմ, այդպիսի մտահոգություն կարող են հայտնել նաև ոստիկանության աշխատողները: Դա պատժիչ համակարգի հոգեբանությունն է: Նրանց համար կարևորը ամենախիստ ձևով պատժի կրում է: Եվ դա բնորոշ է շատ երկրների, հատկապես ոչ-դեմոկրատական»:

Բացի դրանից, ըստ իրավապաշտպանի, բարձրաստիճան պաշտոնյաները փաստորեն ընդունում են նաև, որ Հայաստանը թաղված է կոռուպցիայի մեջ․ - «Իրենք շատ լավ տեղյակ են, թե համակարգում, և ոչ միայն այդ համակարգում, ինչ կաշառակերություն կա: Այդ կաշառակերությունը վերաբերում է, բնականաբար, նաև, ելնելով նրանց մտահոգություններից, նախաքննության ժամանակ հոդվածների կիրառմանը, հետագայում մեղադրանքի պաշտպանությանը»:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է, որ պրոբացիոն ծառայությունը ամբողջական ձևավորված ու գործելու պատրաստ կլինի 2016 թվականի հունվարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG