Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են ծրագրում


Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրք բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպմանը խոսել է «ընդհանուր թշնամու» մասին:

Թուրքիան և Ադրբեջանը պլանավորում են մայիսին Բաքվում և Նախիջևանում համատեղ ցամաքային զորավարժություններ անցկացնել, իսկ սեպտեմբերին կայանալիք զորավարժություններում ընդգրկվելու են նաև երկու երկրների ռազմաօդային ուժերը: Այս մասին ասվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ Իհսան Ույարի երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:

APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, փոխանցում է, որ հանդիպմանը Հասանովը ասել է, թե «ադրբեջանական օկուպացված տարածքները ազատելը» կարևոր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

«Մեր ժողովուրդների նպատակը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելն է և միմյանց աջակցություն ցուցաբերելը: Մեր ուրախությունը, ուժը և զարգացումը միասնականության մեջ է: Զինված ուժերը, որոնք մեր անվտանգության երաշխավորն են, միշտ պետք է ամրապնդեն կապերը և միասին գործեն ընդհանուր թշնամու դեմ», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Նույն օրը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդներին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Մամեդյարովի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպման առանցքային հարցերը:

Այս հանդիպման նախօրեին՝ ապրիլի 29-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում միջնորդները հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

XS
SM
MD
LG