Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը սակագինը բարձրացնելու հայտ է պատրաստում


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջիկա շաբաթներին կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով։

Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց ընկերության մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանը։ Հարցին, թե որքանով է մտադիր ՀԷՑ-ը թանկացնել էլեկտրաէներգիան, Սարջանյանն արձագանքեց, թե բանակցությունները դեռ շարունակովում են, և ամեն ինչ պարզ կլինի մայիսին․ - «Դեռ քննարկման փուլում է: Քանի որ սակագնային տարին հուլիսից հուլիս է, բնականաբար, այդ ամսվա ընթացքում է ամեն ինչը տեղի ունենալու»:

Սակագնի բարձրացման հիմնական պատճառը, նրա խոսքով, համակարգում էլեկտրաէներգիայի կորուուստներն են, որոնց հետևանքով ՀԷՑ-ը տարեկան միլիարդավոր դրամների վնաս է կրում․ - «Հիմնականը, որի մասին բազմիցս խոսել ենք, այն է, երեք տարի է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կորուստով է փակում, 10 միլիարդ դրամի չափով վնասով է աշխատում»:

Վերջին երկու տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինն արդեն 2 անգամ փոփոխության է ենթարկվել։ Սկսած 2013 թվականի հուլիսից, բնակիչներին մատակարարվող էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 40 տոկոսով՝ 30 դրամից հասնելով 42-ի: Իսկ գիշերային ժամերին սակագինը բարձրացավ 60 տոկոսով։ 2013-ին և 2014-ին թանկացումները հիմնավորվեցին էլեկտրաէներգիայի կորուստներով:

Հերթական թանկացումից ընդամենը մի քանի ամիս անց՝ այս տարվա հունվարին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Ռուսական «Интер РАО ЕЭС»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վատ կառավարման պատճառով կուտակել է ավելի քան 250 մլն դոլարի պարտք՝ չբացառելով որ սակագինը կրկին կբարձրանա։

Իշխող Հանրապետականն առայժմ չի մտածում հնարավոր թանկացման դեմ պայքարելու մասին: Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Այվազյանի կարծիքով, սակագնի վերանայման նախադրյալներն առկա են՝ դրամն արժեզրկվել է:

Այվազյանը գիտակցում է, որ հասարակությունը պատրաստ չէ հերթական թանկացմանը: Տարեկան 9 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող պատգամավորն ասաց, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհարվածի նաև իր ընտանիքի բյուջեին:

Չնայած ՀԷՑ-ի ներկայացնելիք հայտին, էլեկտրաէներգիայի սակագինը տեսականորեն կարող է ևչփոփոխվել․ վերջնական որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, սակայն, վկայակոչելով նախորդ որոշումները, վստահ է, որ հանձնաժողովն այս անգամ էլ կբարձրացնի սակագինը՝ առանց ծանրակշիռ հիմնավորման․ - «Քաղաքական որոշումն արդեն կայացված է: Մենք կարող ենք նաև ասել, թե որքան կկազմի մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար: Այն կկազմի մոտավորապես 48 դրամ: Դա այն սակագինն է, որը, ըստ իրենց հաշվարկների, պիտի թույլ տա ՀԷՑ-ին աշխատել առանց վնասի»:

Գևորգյանը տարակուսում է, թե ինչու պետք է ռուսաստանյան ընկերության վնասները փոխհատուցվեն Հայաստանի բնակիչների հաշվին: Կառավարման այս պայմաններում, ըստ տնտեսական մեկնաբանի, անգամ 48 դրամը չի փակի ընկերության վնասները: Եվ հաջորդ տարի էլ ՀԷՑ-ը սակագնի բարձրացման հայտ կներկայացնի, քանի որ կորուստներն այդ կառույցում հսկայական են․ - «Այսօր դուք չեք գտնի այսպես կոչված ցանցի պետ, որն աշխատավարձով է ապրում»:

Ի դեպ, 10 միլիարդ դրամ վնասով աշխատող ՀԷՑ-ը, ըստ պաշտոնական հայտարարությունների, տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամի բարեգործական ծրագրեր է իրականացնում:​

XS
SM
MD
LG