Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մայիսի 9-ին Մոսկվա չի այցելի


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դիտում է մայրամուտը Պաեքթու սարի գագաթին, 18-ը ապրիլի, 2015թ.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դիտում է մայրամուտը Պաեքթու սարի գագաթին, 18-ը ապրիլի, 2015թ.

Կրեմլը տեղեկացնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը չի այցելի Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին տեղի ունենալիք միջոցառումներին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Կիմ Չեն Ինի չգալը պայմանավորված է ներկորեական գործերով։ Պեսկովի խոսքով՝ Կիմ Չեն Ինի որոշման մասին փոխանցել են դիվանագիտական խողովակներով։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում հերքել են ենթադրությունները, թե հյուսիսկորեացի առաջնորդի ներկայության կապակցությամբ արտասահմանից կարող էին դժգոհություններ լինեն։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ընդունել է մոսկովյան տոնակատարություններին մասնակցելու հրավերը և որ մտադիր է ներկա գտնվել։ Սա կարող էր լինել Չեն Ինի առաջին արտասահմանյան այցը իշխանության ղեկին գտնվելու երեք տարիների ընթացքում։

Կրեմլը մտադիր է մայիսի 9-ին՝ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ մեծ շքերթ կազմակերպել Կարմիր հրապարակում, որը պետք է տարբերվի նախորդ տարիների շքերթներից։ Արևմտյան մի շարք առաջնորդներ նախընտրել են հեռու մնալ մոսկովյան հանդիսություններից՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով։

Մոսկվայի հրավերը մերժել են նաև մի շարք հետխորհրդային երկրների առաջնորդներ, ովքեր պատճառաբանում են, թե իրենք էլ իրենց երկրներում են հանդիսավոր միջոցառումներ կազմակերպում՝ միևնույն ժամանակ ընդգծելով իրենց անկախությունը Մոսկվայից։

Կիմ Չեն Ինին Մոսկվա հրավիրելու մասին Կրեմլի որոշումը արդեն իսկ քննադատության ալիք է բարձրացրել։ Արևմուտքը մեղադրում է ռուսական իշխանություններին հյուսիսկորեացի բռնակալին հրավեր ուղարկելու համար, ում ղեկավարած երկրում խստորեն ոտնահարվում են երկրի ժողովրդի իրավունքները։

Հարավային Կորեայի հետախուզության ծառայությունը նախօրեին հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Հյուսիսային Կորեայում երկրի առաջնորդի հրամանով այս տարի գնդակահարվել են 15 բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մեղադրվել են Կիմ Չեն Ինի հեղինակությունը կասկածի տակ առնելու համար։ 2013 թվականին գնդակահարվել է նաև Կիմ Չեն Ինի մորաքրոջ ամուսինը՝ Չան Թհոն Տեկը, ով համարվում էր պետության երկրորդ բարձրաստիճան ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG