Մատչելիության հղումներ

Վարչապետն ու նախարարները կօգնեն Գևորգ Եղիազարյանին


Վարչապետն ու նախարարները կօգնեն Գևորգ Եղիազարյանին
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Թե ի՞նչ կերպ և արդյո՞ք խոսքը դրամական օգնության մասին է, վարչապետը չի մանրամասնել։

Չորս տարի առաջ զինծառայության ընթացքում հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանի վերականգնողական բուժման համար անհրաժեշտ 56 հազար դոլարից 43 հազարը հավաքվել է հանգանակությունների արդյունքում: Պակասում է 13 հազար դոլար:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքն ու կառավարության անդամները կօգնեն Գևորգին՝ չմանրամասնելով՝ ի՞նչ կերպ և արդյո՞ք խոսքը դրամական օգնության մասին է:

«Ես կցանկանայի խոսել սահմանագծին չորս տարի առաջ հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրից. Պաշտպանության նախարարության ջանքերով, զինծառայողն արդեն մեկ անգամ արտերկրում բուժման կուրս է անցել, բայց դա բավարար չի եղել լիարժեք բուժում ապահովելու համար: Մեր քաղաքացիները ակտիվ դրամահավաք են սկսել պահանջվող գումարը հավաքելու նպատակով: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած քաղաքացիներին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ես, կառավարության անդամները որոշեցինք աջակցություն ցուցաբերել՝ այդ հարցին լուծում տալու համար», - հայտարարեց վարչապետը։

Գևորգի մայրը՝ Նաիրա Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս ընթացքում շատ դռներ է թակել, բայց՝ ապարդյուն։ Հավելեց, որ «Ազատության» արձագանքից հետո՝ 40 օրվա ընթաքում, հանգանակությունների շնորհիվ արդեն իսկ հավաքվել է 43 հազար դոլար՝ գումարի կեսից ավելին:

«Դուք նկարահանումը կատարեցիք ու արձագանքը միանգամից եղավ։ Հավատացեք, չէի էլ սպասում, չէին դադարում հեռախոսների զանգը։ Երևի երկրի վրա այդպիսի տեղ չկա, որտեղից զանգ չի եղել՝ և՛ Ամերիկայից, և՛ Լոնդոնից, Ֆրանսիայից, Հունաստանից, բոլոր տեղերից զանգել են։ Շնորհակալ եմ շատ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգի մայրը։

Այս ընթացքում երիտասարդական նախաձեռնություններից մեկը Հյուսիսային պողոտայում դրամահավաք էր կազմակերպել՝ Գևորգին ֆինանսական օգնություն հատկացնելու նպատակով: Երկու օրվա ընթացքում հավաքված 1 միլիոն 300 հազար դրամը հատկացվել է տղայի ընտանիքին:

Զինվորի մայրն ասաց նաև, որ վարչապետի այսօրվա արձագանքը Գևորգին անակնկալի է բերել։ «Չհավատաց, ուզում էր ճշտեր, ասում էր իրոք էդպե՞ս է, ու երբ տեսանյութը դրեցին, ես բարձրաձայն կարդացի ու ինքը լսեց, էդ ապրումները, էդ հայացքը, էդ լուսավորությունը..., բան չասաց, բայց ամեն ինչ հասկանալի էր, այդ աչքերի մեջ ամեն ինչ ասված էր։ Թեկուզ ուշ, բայց էլի շնորհակալ եմ, ինչքան էլ հոգուս խորքում էդ ցավը կա, որ բոլորից էլ վրդովված եմ եղել, բայց, ամեն դեպքում, շնորհակալություն եմ հայտնում», - ասաց մայրը։

Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը արդեն մեկ անգամ 70 հազար դոլար է վճարել Եղիազարյանին Իսրայելում բուժելու համար, ինչի արդյունքում երիտասարդը կարողացել է գոնե սայլակով տեղաշարժվել: Նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ այլևս միջոցներ չունի վերջինիս բուժումն ավարտին հասցնելու համար: Գևորգի բուժումն ընդհատվել է ու արդեն 3 տարի է՝ ինչ նրա առողջական վիճակը վատթարանում է։​ Նա գամված է անկողնուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG