Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է 9 հազար եվրոյի կեղծ թղթադրամ, կան ձերբակալվածներ


Եվրոյի թղթադրամներ, արխիվ

Եվրոյի թղթադրամներ, արխիվ

Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9 հազար եվրոյի՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Ոստիկանությունը երեկ նշված կեղծ թղթադրամները ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Արարատի բաժին բերման է ենթարկել Արարատ քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Խ.-ին և 28-ամյա Հակոբ Մ.-ին:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կասկածյալները խոստովանել են՝ 2015 թվականի մարտին ձեռք են բերել 10 հազար եվրոյի՝ 20 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Պարզվել է նաև, որ Հակոբ Մ.-ն անցած տարվա հոկտեմբերին ձեռք է բերել և Գոռ Խ.-ի միջոցով իրացրել 7 հազար 500 եվրոյի՝ 15 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կեղծ թղթադրամները ձեռք է բերել Արարատի մարզի 28-ամյա բնակիչը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության միջոցով՝ Հունաստանից, և դրանք իրացնելու համար փոխանցել է 26-ամյա մեկ այլ Հայաստանի քաղաքացու։ Վերջինս կեղծ թղթադրամներն իրացրել է բանկի մարզային մասնաճյուղում փոխանակելու միջոցով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը։ Հոդվածով նախատեսվում է ազատազրկում՝ ութից մինչև տասներկու տարի ժամկետով։

Գոռ Խ.-ն և Հակոբ Մ.-ն ձերբակալվել են։ Կատարվում է քննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG