Մատչելիության հղումներ

Թուրքիայից պատվիրակություն է մեկնել Ղրիմ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմավորում է Անկարա ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական պալատում, 1-ը դեկտեմբերի, 2015թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմավորում է Անկարա ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական պալատում, 1-ը դեկտեմբերի, 2015թ․

Անցած շաբաթ պաշտոնական Անկարայի և Մոսկվայի միջև սկիզբ առած բանավեճը նոր թափ է ստանում:

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված իր ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտաբերեց ցեղասպանություն բառը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ի պատասխան Կրեմլից պարզաբանումներ պահանջեց Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Եվ ահա Ղրիմի մասին Էրդողանի հիշեցումը նոր զարգացումներ է ստանում:

Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»-ը, նախօրեին Թուրքիայից Ղրիմ է մեկնել ոչ պաշտոնական պատվիրակություն՝ Ղրիմի թաթարների վիճակը գնահատելու նպատակով: Պատվիրակության կազմում ընդգրկվել են նախկին քաղաքական գործիչներ, գիտնականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ռուսական պարբերականի փոխանցմամբ՝ պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին ղեկավար Զաֆեր Իսքյուլը:

Ղրիմի թաթարների Մեջլիսի նախագահի տեղակալ Նարիման Ջելյալովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում պատմել է, որ թուրքական պատվիրակությունը հետաքրքրվել է Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո հողերի շուրջ ստեղծված իրավիճակով, հարցեր տվել մարդկանց առևանգումների մասին: Թուրքական պատվիրակությունը նախատեսում է նաև հանդիպել Ղրիմի թաթարների հեռուստաալիքի ներկայացուցիչների հետ. ավելի վաղ Անկարան Մոսկվայից պահանջել էր բացատրություններ ներկայացնել հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու կապակցությամբ:

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում փորձագետները, այդուհանդերձ, թուրքական պատվիրակության այցը Ղրիմ թերակղզի չեն կապել Էրդողանի՝ Մոսկվային ուղղված կոշտ արձագանքի հետ:

«Էրդողանի կոշտ հռետորությունը թերևս ուղղված է ներքին լսարանին՝ պայմանավորված երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններով: Անկարան մտադիր չէ սրել հակամարտությունը», - գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով այն փաստը, որ մայիսին Անթալիայում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը դեռևս ուժի մեջ է, քանի որ չեղյալ չի հայտարարվել:

Հիշեցնենք՝ Թուրքիան մեկն է այն երկրներից, որոնք դատապարտել են Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, Ղրիմում անցած տարվա մարտին անցկացված հանրաքվեն Թուրքիայի արտգործնախարարությունը իր պաշտոնական հայտարարությունում անօրինական է համարել՝ ընդգծելով, որ Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Անցած նոյեմբերին Կիև այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե «Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը», նշելով, որ ուկրաինացի պաշտոնյաների հետ բանակցություններ են ընթանում Ղրիմի թաթարներին օգնելու ուղիների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG