Մատչելիության հղումներ

Վարչապետն ու նախարարները կօգնեն Գևորգ Եղիազարյանին


Գևորգ Եղիազարյան
Գևորգ Եղիազարյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ իր և Կառավարության անդամների անունից պատրաստակամություն է հայտնել օգնել Գևորգ Եղիազարյանին՝ հետագա բուժման ծախսերը հոգալու համար։

Հիշեցնենք՝ Եղիազարյանը 4 տարի առաջ ծանր վիրավորում է ստացել հայ - ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկ անգամ 70 հազար դոլար է վճարել նրան Իսրայելում բուժելու համար, ինչի արդյունքում երիտասարդը կարողացել է գոնե սայլակով տեղաշարժվել: Նախարարությունը, սակայն, այլևս համապատասխան գումար չունի բուժումն ավարտին հասցնելու համար, բուժումն ընդհատվել է ու արդեն 3 տարի է՝ Եղիազարյանի առողջությունը վատթարանում է։​ Հայաստանում այսօր երիտասարդին օգնում են միայն ցավազրկող դեղամիջոցներով:

Վերջերս Պաշտպանության նախարարությունը ևս 300 հազար դրամ է տրամադրել այս ընտանիքին, որը, սակայն, բավարար չէ արտերկրում բուժումը շարունակելու համար։

Զինծառայողին օգնելու համար տարբեր նախաձեռնություններ Երևանի Հյուսիսային պողոտայում հանգանակություն էին կազմակերպել, միջոցներ հավաքագրելու նպատակով նաև հաշվեհամարներ են բացվել։

Գևորգ Եղիազարյանի մայրն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ հանգանակությունների արդյունքում հավաքվել է 21 միլիոն 500 հազար դրամ (մոտ 43 հազար դոլար)՝ բուժումն արտերկրում շարունակելու համար անհրաժեշտ 56 հազար դոլարից, և​ ամբողջական գումարից պակասում է ընդամենը 13 հազար դոլար։

Սարգիս Հարությունյան, Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG