Մատչելիության հղումներ

logo-print

Պողոսյան. Հենց աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը, Թուրքիան գիտակցության կգա


Պատգամավոր Թևան Պողոսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 29-ը ապրիլի, 2015թ․

Պատգամավոր Թևան Պողոսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 29-ը ապրիլի, 2015թ․

«Մենք պետք է փորձենք ամեն քայլ անել, որ այդ օրը շուտ գա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Եթե մենք կարողանանք այնպես անենք, որ մի քանի ամսվա ընթացքում ամբողջ աշխարհի երկրները ճանաչեն Ցեղասպանությունը, ուրեմն դրանից մի քանի օր հետո Թուրքիան գիտակցության կգա», - «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։

«Հենց որ Թուրքիան զգաց, որ իր համար բեռը՝ ժխտողականությունն առաջ տանելու, ավելի ծանր է, քան թե ինքը ճանաչի, Թուրքիան պատրաստ կլինի այդ հարցի համար նստել բանակցությունների, և բանակցությունների լավագույն ճանապարհը լինելու է այն, որ Թուրքիան կփորձի բարելավել հարաբերությունները, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, իսկ մենք պետք է փորձենք ամեն քայլ անել, որ այդ օրը շուտ գա», - ասաց Պողոսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց, որ Եվրոպական միությանն անդամակցելու համար Թուրքիայի առաջ մշտապես պահանջ է դրվել՝ բարելավել հարաբերությունները հարևանների հետ։

«Այնտեղ կա նշված, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է ուղղվեն, պատմության հետ առերեսում լինի։ Ցավոք սրտի, արձանագրություներից հետո ցյուրիխյան այդ կետը մի տեսակ կորավ։ Մենք պետք է հիմա նորից պահանջենք և նույն Եվրամիության առջև այդ խնդիրը դնենք, հատկապես Եվրախորհրդարանի հռչակումից [Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից] հետո, նորից հիշատակման իմաստով, և բոլոր մնացած իմաստներով, որ այդ նույն կետը վերադառնա։ Ինչքան որ մենք կարողանանք այս տեսակի խնդիրները բերենք, որ Թուրքիայի առջև այդ պահանջը գա, Թուրքիան, բնականաբար, գիտակցելու է, որ իր շահերից է բխում, որ ինքը գնա նորմալացման», - ասաց Պողոսյանը։

Հարցին, թե այդ արձանագրությունները նաև ճանաչման գործընթա՞ցը խոչընդոտեցին, Պողոսյանը պատասխանեց. - «Իրականում ես կգնահատեի ինչպես հնարավորություն, բայց որը մահացավ ստորագրման օրը, երբ որ ցանկացան նախապայմաններ դնել։ Բայց դա հնարավորություն էր, որը կարելի է տարբեր գնահատականների իմաստով ասել, այնուամենայնիվ, արդեն ոչ օգտագործված է։ Հիմա փաստաթղթերը կան, ըստ իս, այլևս չեն օգտագործվելու, իսկ եթե նույնիսկ վաղը նորից որոշեն, որ նորմալացնելու են հարաբերությունները, եթե կարիք լինի նորից ինչ-որ բանակցություններ լինի և նոր արձանագրություն ունենանք, ապա այդ նույն տեքստերը չեն օգտագործվելու։ Այնպես որ, մենք միշտ պետք է գիտակցենք, որ շատ ժամանակ, որ հնարավորությունը չես օգտագործում, դրանից հետո կարող է այդ նույն հնարավորությունը չունենաս»։

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, հիշեցնենք, չեն վավերացվել երկու երկրների խորհրդարաններում, իսկ այս տարվա փետրվարին, վկայակոչելով այդ փաստաթղթերը վավերացնելու քաղաքական կամքի բացակայությունը Թուրքիայի իշխանությունների մոտ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հետ կանչեց դրանք Ազգային ժողովից:

XS
SM
MD
LG