Մատչելիության հղումներ

logo-print

«Սուրբ հողը պետք է վերադարձվի օրինական տիրոջը»


Վատիկան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին երկրորդը և Արամ առաջինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ, 12-ը ապրիլի, 2015թ․

Վատիկան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին երկրորդը և Արամ առաջինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ, 12-ը ապրիլի, 2015թ․

Վաշինգտոնում ներկայացվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցի մանրամասները:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշել է հետ ստանալ պատմական Սիս քաղաքում գտնվող իր սեփականությունը և Թուրքիայի Սահմանադրական դատարան է դիմել՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի և եկեղեցուն պատկանող կալվածքները:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ կաթողիկոսարանը տասը դարուց ավելի եկեղեցուն է պատկանել․ - «Երբ սելջուկներն ու մոնղոլները Հայաստան ներխուժեցին, Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսի նստավայրը արևմուտք տեղափոխվեց, և երբ Սիսը թագավորության մայրաքաղաք դարձավ, 1293-ին հաստատվեց Սիսում», - ասաց նա:

Արքեպիսկոպոսի խոսքով` այդ սրբավայրը հազարավոր աստվածաբանների ու պատմաբանների բնօրրանը դարձավ:

Գործում ներգրավված միջազգային իրավունքի մասնագետ, Հաագայում ՄԱԿ-ի նախկին մեղադրող Փայամ Աքավանն ընդգծում է, որ հայցը թույլ է տալիս պատմական արդարության պահանջին ավելի գործնական արտահայտություն տալ: «Երբ անցյալի անարդարությունն անպատասխան է մնում, այն շարունակում է հետապնդել ներկա սերունդներին», - ասաց նա:

Իրավաբանի խոսքով, 1915-ից սկսած Թուրքիան մի շարք օրենքներ էր ընդունել, որոնք վերաբերում էին այսպես կոչված «լքված», իսկ իրականում՝ հայերից օտարված սեփականությանը, իսկ 1923 թվականին Լոզանի պայմանագրի համաձայն Թուրքիայի Հանրապետությունը պարտավորվել է հարգել ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները. - «Ըստ Լոզանի պայմանագրի պահանջների՝ ոչ մահմեդական փոքրամասնությունները պետք է ստանային հավասար իրավունքներ, այդ թվում՝ սեփականության, կրոնական ժամերգություններ անցկացնելու հավասար իրավունքներ, և այդ իրավունքները գերակա էին ցանկացած Թուրքիայի այլ օրենքներից»:

Ըստ Աքավանի, հայցը պատմական արդարություն հաստատելուն ուղղված միայն առաջին քայլն է. - «Սա Թուրքիայի համար եզակի մի հնարավորություն է՝ բուժել անցյալի հանցանքների հետևանքները և հայ - թուրքական հաշտեցման նոր գլուխ գրել»:

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ ողջունում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության որոշումը: Ըստ կոնգրեսականի, «այդ սուրբ հողը պետք է վերադարձվի օրինական տիրոջը»:

Արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը տեսնում է գործը շահելու իրական հեռանկարներ: «Ես գիտեմ, որ այդ հողերը մերն են, և ես գիտեմ, որ հողը ճանաչում է իր տիրոջը», - հայտարարեց սրբազանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG