Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում հուշարձանի տեղադրումը «ռուսաֆիկացման» մտահոգություն է առաջացրել


Վաղը Երևանի Արաբկիր վարչական շրջանի կենտրոնական այգում տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստան տարհանված լենինգրադցի երեխաներին նվիրված հուշարձանի բացման արարողությունը:

Սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի նախաձեռնությունն է:

Այգու մշտական այցելուներից 60-ամյա Արա Սարիբեկյանը դեմ չէ հայ ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը, ասում է, որ պատրաստ է աղոթել Լենինգրադի շրջափակումից փրկված երեխաների հիշատակի համար, բայց մտահոգված է, որ այսպիսի քայլերով Հայաստանն աստիճանաբար վերածվում է ռուսաստանյան գուբերնիայի:

«Ռուսական իմպերիալիզմը կուլ է տալիս Հայաստան պետությանը և դարձնում է իր սեփական գուբերնիան»,- ասում է Սարիբեկյանը։

Վաղվա միջոցառմանը ներկա կլինի Սանկտ Պետերբուրգից Հայստան ժամանած պատվիրակությունը: Արաբկիր վարչական շրջանը Սանկտ Պետերբուրգի Վասիլի Օստրովսկի շրջանի հետ գործակցության համաձայնագիր ունի, արձանի տեղադրումը դրա շրջանակներում է:

«Իմ պապն էլ է Հայրենական մեծ պատերազմի մասնակից եղել, Լենինգրադի շրջափակման տարիներին հայ կանանց սխրանքներին ծանոթ եմ ու խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ»,- ասում է մեր զրուցակիցը ու շարունակում.- «Հարցը ուրիշ կոնտեքստում է, ես ուզում եմ մեր քաղաքը, մեր համայնքը մնա հայկական, մեզ ռուսացնում են, մեր ունեցած-չունեցածը տվել են ռուսներին, հիմա էլ մեր հոգիներն են ռուսացնում»։

Այս բնակչի կարծիքը կիսում են այգու մյուս այցելուները ևս, նրանցից ոմանք տեսախցիկից խուսափելով էին իրենց դիտարկումներն անում: Կային նաև այնպիսիք, ովքեր պաշտպանում էին նախաձեռնությունը։

«Փողոցում էնքան տանջված հայ կին կա, այ դա թող դնեն»։

«Էսպես թե էնպես հայ ազգը իր ողջ պատմության ընթացքում կողմնորոշվելու շատ վատ հատկություն է ունեցել, կարևոր է, որ հայ ազգը հասկանա, որ յուրաքանչյուր մարդ մենակ կարող է ինքն իրեն փրկել»։

«Եթե ռուսները չլինեին, մեր Հայաստանը երևի թե լավ չի գոյատևի, Հայաստանը պետք է միշտ ռուսների ասածը կատարի»։

Տարբեր տվյալներով Լենինգրադի շրջափակման տարիներին շուրջ 500 լենինգրադցի երեխաներ են տարհանվել Հայաստան։ Նրանցից շատերը պատերազմի ավարտից հետո չեն հեռացել:

Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ռուս երեխային գրկած հայ կնոջ արձանը այս ամենի հիշատակի խորհրդանիշն է: Հնչող դժգոհությունները Գևորգյանն անընդունելի է համարում։

«Ինձ համար առնվազն տարօրինակ է և անընդունելի, երբ փորձում են ազգային պատկանելությամբ մոտենալ ինչ-ինչ հարցերի։ Եթե նման հոգեբանությամբ մոտենում են այդ հարցին, ըստ իս, այդ մարդիկ մերժում են ցանկացած բարեկամական քայլ, որը իմ պատկերացմամբ, հայ ժողովրդին հարիր չէ»,- ասաց Գևորգյանը։

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ ասում է, որ արձանը տեղադրելու համար չի եղել ավագանու համապատասխան որոշումը: Սա ընթացակարգի խախտում է, 2012-ից առ այսօր ավագանու նիստերից որևէ մեկում այս հարցը չի քննարկվել, նկատում է Սանասարյանը։

«Ռուսաֆիկացման մտավախությունը կա, և լրիվ օբյեկտիվ է, որովհետև վերջին շրջանում մենք տեսնում ենք այդ միտումը։ Երբ կախվածությունը բոլոր ոլորտներում է, դա արդեն լուրջ անվտանգության խնդիր է»,- ասաց նա։

Քաղաքապետարանի ռուսամետ գործունեությունը թելադրվում է ավելի բարձր օղակներից, վստահ է ավագանու ընդդիմադիր անդամը, իսկ արձանի տեղադրման համար նա այլ վայր է առաջարկում։

«Էս վերջերս Լենինգրադին հյուրանոցի համար տարածք տվեցին, այդ տարածքում կարելի էր տեղադրել»,- առաջարկեց Սանասարյանը։

«Քաղաքապետարանը աշխատում է բացառապես Երևան քաղաքի, Երևանի բնակիչների շահերից ելնելով։ Որևէ մետություն, բացի հայամետությունից, այստեղ պետք չէ փնտրել»,- հակադարձեց Արթուր Գևորգյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG