Մատչելիության հղումներ

ԵՄԱ-ի նախագահը մամուլի ազատության ցուցանիշը կապում է ԵՏՄ անդամակցության հետ


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է՝ մամուլի ազատության Հայաստանի ցուցանիշը սպասելի էր և առաջին հերթին կապված է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն` Հայաստանը շարունակում է մնալ անազատ մամուլ ունեցող երկրների շարքում։ «Մամուլի ազատություն-2015» զեկույցի համաձայն՝ 199 երկրների թվում այն 135-րդն է և գտնվում է անազատ և մասամբ ազատ երկրների սահմանագծում։

«Պարբերաբար մենք մոտենում ենք մասնակի ազատ երկրների շարքերին, երկու տարի առաջ ընդամենը մեկ միավոր էր մնում, հիմա մի քիչ նահանջել ենք, քանի որ Freedom House-ը այլ չափորոշիչների հետ նաև հաշվի է առնում ընդհանուր քաղաքական միջավայրը, որը կարող է նպաստող լինել խոսքի ազատության համար կամ հակառակը՝ խանգարող։ Գոնե այդ տեսակետից մենք ակնհայտորեն գտնվում ենք ոչ բարենպաստ քաղաքական միջավայրում, դա առաջին հերթին Հայաստանի անդամակցությունն է ԵՏՄ-ին»,- ասում է Երևանի մամուլի ակումբի ղեկավարը։

ԵՏՄ-ի անդամներից Ռուսաստանը ևս անազատ երկների շարքում է, կիսում է 180-րդ հորիզոնականը Եթովպիայի և Սաուդյան Արաբիայի հետ: Բելառուսն ու Ղազախստանն ավելի ցածր հորիզոնականներ են զբաղեցնում։ Բորիս Նավասարդյանը մտավախություն ունի, որ այն սահմանափակումները, որ գործադրվում են, օրինակ, ռուսաստանյան լրատվամիջոցների դեպքում, կարող են տեղափոխվել հայաստանյան իրականություն։ Մինչդեռ, օրինակ, հարևան Վրաստանը այս առումով շատ ավելի շահեկան դիրքում է։

«Վրաստանը ստորագրել է Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ և, բնականաբար, ունի շատ կոնկրետ պարտավորություններ նաև ժողովրդավարության մարդու իրավունքների և ազատությունների ոլորտներում։ Երկրորդ հանգամանքը նաև այն է, որ Վրաստանում կա իրական քաղաքական մրցակցություն, և դա հանգեցնում է նրան, որ լրատվամիջոցների տարբեր տեսակներում նույնպես կա մրցակցություն։ Դա տարածվում է նույնիսկ հեռուստաընկերությունների վրա»,- նկատում է Բորիս Նավասարդյանը։

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանում ամենաանազատը շարունակում են մնալ հեռուստաընկերությունները։ Ըստ նրա, մամուլի ազատության վարկանիշն ընկավ այն ժամանակ, երբ դադարեցվեց «Ա1+»-ի հեռարձակումը։ Չնայած թվում է, թե թվայնացումը պետք է բազմազանություն մտցնի և հնարավորինս ազատականացնի ոլորտը, սակայն այդպիսի հեռանկար կարծես թե չկա, ասում է նա։

«Այն հեռուստաընկերությունները, որոնք գրանցված են Արդարադատության նախարարություն կամ պատրաստվում են գրանցվել, բոլոր տեխնիկական հնարավորությունները ստեղծում են, որ շատ մեծ բազմազանություն լինի։ Բայց առայժմ ես չեմ տեսնում իշխանության կողմից պատրաստակամությունը, որ այդ բազմազանությունը ապահովվի։ Կա միջոց, ինչպես միշտ ասում են նման դեպքերում, պետք է քաղաքական կամք»,- ասում է խմբագիրը։

Լրագրողների նկատմամբ ճնշումները չեն նվազել, չեն նվազել նաև դատական գործերը, ասում է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը։ Օրաթերթի դեմ հերթական դատական հայցն է ներկայացրել «Արաբկիր» բժշկական կենտրոնը։

Արմինե Օհանյանի կարծիքով՝ թե իշխանությունների, և թե հասարակության կողմից լրատվամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի աճ կա: Նա ընդգծում է՝ իշխանություններն իրե՛նք առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն ազատ մամուլ ունենալու հարցում։

«Այս թշնամու վերաբերմունքը, որ ուզում են անընդհատ ոչնչացնել, բնաջնջել, այնպես անել, որ լրատվամիջոցը փակվի, ասպարեզից հեռանա, վերանա, լրագրողների բերանը փակեն, թույլ չտան արտահայտվել, պետք է փոխվի։ Իշխանությունը պիտի գիտակցի, որ ցանկացած լրատվամիջոց, որը նույնիսկ եթե շատ դառը, ցավոտ հարվածներ է հասցնում, քննադատում է, երկրի համար անհրաժեշտություն է։ Առանց լրատվամիջոցների գոյության երկիրը չի կարող նորմալ երկիր դառնալ, դա բացառված է»,- ասում է Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG