Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Բաքվում գովաբանեց Ադրբեջանին և քննադատեց Վրաստանի գործող իշխանությանը


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 29-ը ապրիլի, 2015թ․
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 29-ը ապրիլի, 2015թ․

Վրաստանի նախկին նախագահի այցը Ադրբեջան որոշակի լարում ստեղծեց պաշտոնական Բաքվի և Թբիլիսիի միջև:

«Ադրբեջանը որոշ եվրոպական պետություններից ավելի ազատական է» - երեկ Բաքվում հայտարարեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Եթե Եվրոպան ցանկանում է պաշտպանել իր արժեքները, ապա պետք է ավելի սերտորեն համագործակցի Ադրբեջանի հետ», - Վրաստանի նախկին ղեկավարի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը:

Սաակաշվիլին մի շարք այլ պաշտոնաթող նախագահների հետ միասին Բաքու էր ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կազմակերպված Միջազգային հումանիտար համաժողովին մասնակցելու համար:

Բաքվում էին նաև Թուրքիայի, Լատվիայի, Խորվաթիայի, Աֆղանստանի, մի շարք այլ երկրների նախկին նախագահները, բայց միայն Սաակաշվիլին էր, որ օգտագործեց իր այցը ներքաղաքական թեմաներին անդրադառնալու և Վրաստանի իշխանությունների հասցեին կոշտ քննադատության հերթական չափաբաժինը հնչեցնելու համար:

«Իրավիճակն իրոք շատ լուրջ է: Ցավոք սրտի, Վրաստանը արդեն իսկ փչացրել է իր հարաբերությունները տարբեր պետությունների հետ: Երկրում տնտեսական ճգնաժամ է: Իվանիշվիլիի վարչակազմը իրեն է ենթարկել երկիրը, և այժմ Վրաստանը այլ պետությունների համար շատ թույլ գործընկեր է հանդիսանում: Վրաստանի ներկայիս իշխանություններին միայն իրենց սեփական շահն է հետաքրքրում: Այս ամենի հետևանքով Վրաստանի վարկն աշխարհում լրջորեն տուժել է: Դրա վերականգնման համար շատ ժամանակ կպահանջվի: Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ ինչպես է հնարավոր դա վերականգնել, բայց կարծում եմ՝ մեզ դա կհաջողվի», - հայտարարում էր Սաակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում:

Սաակաշվիլիի այցը, ի դեպ, որոշակի լարում ստեղծեց պաշտոնական Բաքվի և Թբիլիսիի միջև: Երբ հայտնի դարձավ, որ Սաակաշվիլին ժամանել է Բաքու, Վրաստանի իշխանությունները Ադրբեջանից պահանջեցին իրենց հանձնել նախկին նախագահին: Հիշեցնենք՝ Վրաստանում Սաակաշվիլիի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցված, այդ թվում՝ 2007-ի նոյեմբերին ընդդիմության հանրահավաքը ցրելու ժամանակ իշխանությունը չարաշահելու և կոռուպցիոն մի շարք մեղադրանքներ են առաջադրված:

Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Իրակլի Շոթաձեն մանրամասնում էր․ - «Վրաստանի դատախազությունն Ադրբեջանի դատախազությանը նախկին նախագահի ձերբակալության և արտահանձնման պահանջ էր ուղարկել: Մենք դա արել էինք երկու գերատեսչությունների միջև գործող համագործակցության ձևաչափը հաշվի առնելով: Առայժմ մենք որևէ պատասխան չենք ստացել, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ [Ադրբեջանի կողմից] համապատասխան արձագանք չկա»:

Ինքը Միխեիլ Սաակաշվիլին հերքում է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները` հավելելով, որ վրացական իշխանությունների կողմից տարածող լուրերը, թե «Ինտերպոլ»-ը պաշտոնապես հետախուզում է հայտարարել իր նկատմամբ, կեղծ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG