Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կարծում է՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումը կախված է ԱՄՆ-ի դիրքորոշումից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահը շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ը որոշիչ դերակատարություն կարող է ունենալ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցում։

Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ՝ Դոնբասում խաղաղության հաստատումը կախված է ԱՄՆ-ի դիրքորոշումից։

«Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման որոշիչ դերը պատկանում է ԱՄՆ-ին»,- ասել է Լուկաշենկոն իր ամենամյա ուղերձում.- «Եթե ԱՄՆ-ը մտադրություն ունի կարգավորել իրավիճակը Ուկրաինայի արևելքում, ապա իրավիճակը կկարգավորվի 100 տոկոսով»։

Նրա խոսքերով՝ եթե ԱՄՆ-ում այլ դիրքորոշում որդեգրեն, ապա տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի.- «Ո՞ւմ համար է սա անհասկանալի։ Դա բոլորն են հասկանում, նույնիսկ սովորական մարդիկ»,- նշել է Լուկաշենկոն՝ դրական գնահատելով «նորմանդական ձևաչափով» բանակցային գործընթացին ԱՄՆ-ի միանալու հնարավորությունը։

Իր ելույթի ընթացքում Լուկաշենկոն նաև պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին։

«Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի նախագահի հետ մեր հարաբերությունները չհրապարակայնացնելու մասին և խիստ հետևում ենք այդ պայմանավորվածությանը։ Եթե նա դիտողություններ ունի, ապա նա տղամարդու պես ինձ ասում է այդ մասին։ Տղամարդու պե՛ս. գիտեք, թե դա ինչպես է լինում։ Ես էլ իրեն եմ նույն կերպ ասում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ Պուտինի հետ «ընկերավարի» քննարկում են ծագող խնդիրները։

Ավելի վաղ Լուկաշենկոն արդեն խոսել էր ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին ԱՄՆ -ի մասնակցության անհրաժեշտության մասին։ Բելառուսի նախագահը, ում գլխավորությամբ երկրի քաղաքական էլիտան և խոշոր նավթաքիմիական ձեռնարկությունները դեռևս ենթարկված են արևմտյան, այդ թվում ամերիկյան պատժամիջոցների, «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում պնդել էր, որ Միացյալ Նահանգների մասնակցությամբ միայն հնարավոր կլինի հասնել Ուկրաինայում խաղաղության։

Ապրիլի 21-ին Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է մասնակցել նորմանդական ձևաչափով բանակցություններին, եթե նման հրավեր ստանա։ Դիվանագետն ընդգծել էր, որ ԱՄՆ-ի ղեկավարը շփվում է քառյակի երկրների նախագահների հետ։

ԱՄՆ-ի մասնակցությունը պնդել է նաև պաշտոնական Կիևը։ Անցած նոյեմբերին ուկրաինական իշխանություններն առաջարկել էին Դոնբասի հակամարտության կարգավորման հարցը քննարկել ժնևյան ֆորմատով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG