Մատչելիության հղումներ

Արդեն ավարտվող «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակում այսօր Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ծագումով իտալացի, բայց կյանքի մեծ մասը Ֆրանսիայում ապրող ու ֆրանսերեն ստեղծագործող բանաստեղծ, թարգմանիչ Սերժ Վենտուրինիի հետ:

Նա թարգմանել է հայ դասական ու ժամանակակից բանաստեղծների գործերից, իսկ մոտ օրերս Ֆրանսիայում լույս կտեսնի Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը՝ Վենտուրինիի թարգմանությամբ:

Գրող, Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը շեշտեց այն մեծ աշխատանքը, որ տարիներ ի վեր կատարում է Սերժ Վենտուրինին ֆրանսախոս ընթերցողին հայ գրականությունը ներկայացնելու ուղղությամբ:

Մուրադյանի խոսքով՝ երբ դրսում արժեվորում են մեր գրականությունը, Հայաստանում էլ կարծես սկսում են գնահատել այն․ - «Դա հին սովորություն է և, կարծում եմ, կամաց-կամաց կհաղթահարվի: Անկախության գիտակցությունը որքան խորը նստի հայ մարդու մեջ, այնքան ավելի շատ կսովորի իր սեփական հայացքով արժեվորել այն, ինչ իր կողքին է: Սա պրոցես է, սա կկատարվի: Մենք էլ կսովորենք ինքներս մեզ նախ և առաջ արժեվորել՝ առանց աջից և ձախից գնահատականների սպասելու: Կընդունենք այդ գնահատականները շնորհակալությամբ, բայց նախապես արժեվորած կլինենք ինքներս: Իսկ հիմա դեռևս մենք կարիք ունենք, որպեսզի մեզ դրսից հիշեցնեն, թե ինչ ունենք մենք»:

Սերժ Վենտուրինին նախ շնորհակալություն հայտնեց «Գրական տապան»-ին իրեն Հայաստան հրավիրելու համար: Կարդաց հայ բանաստեղծների ստեղծագործությունների իր թարգմանություններից:

Նա ասաց, որ իրեն օգնում է իր կինը՝ Էլիզաբեթ Մուրադյանը, ով Չարենցի մասին ֆրանսերեն ուսումնասիրություն է գրել, որը շուտով կհրատարակվի:

«Ես գիտեմ, որ Չարենցը իր համար խորը հետաքրքրության առարկա է: Չարենցը ընդհանրապես 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներից է, ոչ միայն հայ: Չարենցը 20-րդ դարի պոեզիայի ճակատը զարդարող անուն է: Ցավոք դեռևս մինչև վերջ չբացահայտված նույն այդ աշխարհի համար», - նշեց Դավիթ Մուրադյանը:

Օրերս Սերժ Վենտուրինին արժանեցել է Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալին:

«Սերժ Վենտուրինին առաջին մարդն էր, որ այդ մեդալով պարգևատրվեց ընդամենը մեկ-երկու շաբաթ անց մեզ համար նշանակալի այն օրվանից, երբ Հռոմի պապը հռչակեց Նարեկացուն համատիեզերական եկեղեցու վարդապետ», - նշեց Դավիթ Մուրադյանը:

XS
SM
MD
LG