Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ը չի հրաժարվում գործող իշխանություններին հեռացնելու նպատակից


Ալեք Ենիգոմշյանի խոսքով, իրենց նպատակը չի փոխվել, միայն որոշակի մարտավարական ճշգրտումներ են մտցրել:

Թեև «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամները կալանավորվեցին ապրիլի 24-ին անկարգություններ ծրագրելու մեղադրանքով, իսկ ապրիլի 24-ն արդեն անցյալում է, միևնույնն է, «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ, փաստաբան Հայկ Գրիգորյանը չի կարծում, թե կալանավորվածները շուտափույթ ազատ կարձակվեն։

«Բոլորս ենք ականատես եղել, որ որևէ միջոցառում չի խանգարվել, հաջորդող օրերին էլ որևէ խժդժություն կամ անկարգություն տեղի չի ունեցել: Հետևաբար, այդ իմաստով կալանքի անհրաժեշտությունը, զուտ իրավական իմաստով, այս պահին էլ վերացած է, բայց քննչական մարմնի կողմից շուրջ տասնյակից ավելի անձանց որպես վկա ներգրավվելը և կանչելը և այդ պրոցեսը շարունակելը չեն վկայում այն մասին, որ գործընթացն ավարտվելու է առնվազն մոտակա ժամանակներում», - ասաց Հայկ Գրիգորյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից արդեն ավելի քան 10 մարդ հարցաքննվել է, շատերն էլ ծանուցումներ են ստացել` առաջիկայում քննչական մարմիններին ներկայանալու համար։ Կառույցի քարտուղարությունը ղեկավարող Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել ոչ միայն հարցաքննությունների են կանչում իրենց անդամներին, այլ նաև սպառնում են նրանց:

Ենիգոմշյանն ասում է՝ ընդունում են՝ իրենք ապրիլի 24-ին, ինչպես նախատեսել էին, համազգային մոբիլիզացիա, շարունակական հանրահավաքներ չկարողացան իրականացնել: Իրենց ձախողման պատճառները բազմաթիվ էին՝ վախի մթնոլորտ, շարժման կարևոր դեմքերի ազատազրկում և իրենց իսկ սխալները: Ենիգոմշյանը նշեց, որ ինքնաքննադատությունից չեն խուսափում:

«Մոբիլիզացիայի բացակայության պայմաններում մեր կողմից անպատասխանատվություն կլիներ հավաքված ժողովրդին՝ մի քանի հարյուր մարդկանց կյանքը դնել վտանգ տակ նման պայմաններում այդ քրեական տարրերի և ոստիկանության բացահայտ ագրեսիվության պայմաններում», - նշեց կառույցի քարտուղարության ղեկավարը:

«Հիմնադիր խորհրդարան»-ում գործող իշխանություններին հեռացնելու նպատակից չեն հրաժարվել։ Չնայած ընդունում են, որ այժմ անազատության մեջ իրենց շարժման համար կարևոր ներկայացուցիչների խումբն է, այնուամենայնիվ, շարժվելու են առաջ որոշակի մարտավարական ճշգրտումներով։

«Պիտի աշխատենք ներքին մեր ինքնակազմակերպման պրոցեսը ավելի հիմնավոր դարձնել, հաջորդ փուլը անցնել շատ ավելի ինքնավստահ և արդյունավետ ձևով: Առաջնային խնդիրը մեր ընկերներին պատանդի կարգավիճակից դուրս բերելն է, ազատ արձակումը», - ընդգծեց Ալեք Ենիգոմշյանը:

Կալանավորված ընկերների ազատությունը պահանջելու նպատակով «Հիմնադիր խորհրդարան»-ն առաջիկայում հանրահավաքներ կանցկացնի, միայն թե ոչ «Էրեբունի» պատմագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում, այլ քաղաքի կենտրոնում։ Դիմել են Երևանի քաղաքապետարանին՝ մայիսի 10-ից սկսած Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար, դեռ պատասխան չեն ստացել։

Եթե քաղաքապետարանը կրկին մերժի, կոտնահարի մեր իրավունքները, և «Հիմնադիր խորհրդարան»-ը ստիպված կլինի գնալ Սահմանադրությանը չհակասող, բայց վճռական քայլերի: Մենք ինքներս նպատակ չունենք բախում ստեղծել այսպես կոչված իրավապահ ուժերի հետ, սակայն մենք տրամադրված չենք օրենքի խախտումը ռեժիմի կողմից անընդհատ կուլ տալ: Դա նշանակում է, որ մենք կգնանք լրացուցիչ քաղաքացիական անհնազանդության քայլերի, որոնք ամբողջությամբ կմնան քաղաքացու իրավունքների շրջանակում», - ասաց Ալեք Ենիգոմշյանը:

XS
SM
MD
LG