Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր միաձայն վերընտրվել է մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Հոգաբարձուների խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը տեղի է ունեցել ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում՝ նախագահի մասնակցությամբ:

Հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը, ով ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ասպիրանտ է, հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների և երկու մենագրության, նաև բուհի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, առիթ է ունեցել Հայաստանը ներկայացնել միջազգային գիտաժողովներում:

Նիստում խորհուրդը որոշել է նաև հայտարարել Երևանի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ, ընտրությունը անցկացնել հունիսի 19-ին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԵՊՀ այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համալսարանի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը: Ծառուղու աջ և ձախ կողմերում տեղադրվել են Հայոց ցեղասպանության ողբերգական տարիներին և հետագայում հայապահպան, հայանպաստ գործունեություն ծավալած եվրոպացի և ամերիկացի մտավորականներից, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներից 12-ի՝ Յոհաննես Լեփսիուսի, Կարեն Յեպպեի, Ֆրիտյոֆ Նանսենի, Հենրի Մորգենթաուի, Ֆրանց Վերֆելի, Ջեյմս Բրայսի, Արմին Վեգների, Անատոլ Ֆրանսի, Յակոբ Քյունցլերի, Ռաֆայել Լեմկինի, Պիեռ Քիյարի և Ալմա Յոհանսոնի կիսանդրիները:

Նախագահը կրթության ոլորտի պատասխանատուների և ԵՊՀ ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի նորաբաց Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնում, ծանոթացել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում հիմնված կենտրոնի հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG