Մատչելիության հղումներ

Խոշոր չափի յուրացում դպրոցում. մեղադրյալը տնօրենն է


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է «Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Պարզվել է, որ դպրոցի տնօրենն, օգտվելով իր կազմակերպչական-տնօրինչական լիազորություններից, փաստացի աշխատանքի չներկայացած անձին հրամանագրել է, ում անունով ձևակերպված աշխատավարձը տարիներ շարունակ յուրացվել է։ Քննության տվյալներով՝ յուրացված գումարը կազմում է 3 միլիոն 491 հազար 851 դրամ։ Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար, իսկ հրամանագրված կնոջ գործողությունները, ով աշխատանքի ընդունվելու համար ներկայացրել է իր փաստաթղթերը, փաստացի աշխատանքի չներկայանալով` աշխատավարձի ցուցակներում իր ազգանվան դիմաց ստորագրել, գնահահատվել է որպես յուրացման օժանդակություն։ Օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև դպրոցի հաշվապահին», - ասված է հաղորդագրությունում։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG