Մատչելիության հղումներ

Հայկ Գևորգյան. «Գազի գինը չի նվազի բնակչի համար»


Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյան, արխիվ

Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյան, արխիվ

Նրա խոսքով՝ թեև Ռուսաստանն առաջիկայում կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը, բնակիչները կշարունակեն 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարել 156 դրամ։

Ռուսաստանն առաջիկայում կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը: Օրերս այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:

««Գազպրոմ»-ն էժան գազ է վաճառելու իր դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին, հետևաբար՝ գազի գինը չի նվազի բնակչի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը:

Փաստորեն, բնակիչները շարունակելու են 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարել 156 դրամ (շուրջ 30 սենթ): Խոշոր սպառողները ևս կշարունակեն վճարել ինչպես նախկինում՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 270 դոլար:

«Պարզապես, այս քայլով կանխվում է առաջիկայում ենթադրվող գազի թանկացումը», - ասաց Գևորգյանը՝ հավելելով. - «Եթե գազի գինը «Գազպրոմ»-ը չնվազեցներ՝ արժույթի կտրուկ աճի պատճառով, որը տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերին, պիտի բարձրանար նաև սպառողներին մատակարարվող գազի գինը, ուղղակի դա այլևս տեղի չի ունենա, եթե բանակցություններն արդեն ավարտվել են, ինչպես ասաց Միլլերը»։

Վերլուծաբանը վստահ է՝ թեպետ «Գազպրոմ»-ը իր իսկ ընկերությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին էժան կվաճառի գազը, այդուհանդերձ՝ առաջիկայում կթանկանա նաև էլեկտրաէներգիայի գինը։

«Դա նույնիսկ չի ազդի էլեկտրաէներգիայի սպասվող գնի սպասվող բարձրացման վրա, էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, որովհետև չի փոխվելու ջերմաէլեկտրակայաններին վաճառվող գազի գինը, չի նվազելու», - ասաց Գևորգյանը։

XS
SM
MD
LG