Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ խոսնակի գնահատմամբ՝ «Գալիպոլին տապալվեց»


Ազգային ժողովի ընդդիմությունը թե՛ գովաբանում, թե՛ քննադատում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Իշխող կուսակցությունը նրանց մեղադրում է «նախանձի» մեջ:

Խորհրդարանում հայտարարությունների ժամին պատգամավորները դրական էին գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները,բայց դրանց մասին խոսում էին անցյալ ժամանակով։ Դա Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին դուր չեկավ, շտապեց տեղեկացնել, որ միջոցառումները չեն ավարտվել։

«Նոր որակներ ենք ձևակերպելու, նա երբեք չի ավարտվելու», - հայտարարեց Սահակյանը:

Հիշատակի միջոցառումների մասին գովեստի խոսքեր շռայլեցին անգամ իշխանությունների ավանդական քննադատները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գովեստով սկսեց, քննադատությամբ շարունակեց․ - «Ճիշտ նշելը կնշանակեր ստեղծել հզոր, ազատ, ժողովրդավարական պետություն, որը կդառնար իր քաղաքացիների համար ազատ, բարեկեցիկ և ստեղծարար կյանքի ապահով օրրան»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի միտքը շարունակեց պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, սահմանադրական բարեփոխումների փոխարեն առաջարկեց երկրում առկա խնդիրները լուծել։

Վերջերս ԲՀԿ-ի շարքերը լքած և նոր քաղաքական ուժ՝ «Ալյանս» կուսակցությունը ստեղծած Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ չնայած բացասական ցուցանիշներին ու երևույթներին իշխանությունները ո՛չ հրաժարական են տալիս, ո՛չ էլ տալու են, բայց պետք է վախենան ժողովրդից։

«Վերջիվերջո մարդկանց արյունը քամելու դեմ ձեռնարկվելու են համախմբման միջոցառումներ: Սրանից պետք է վախենալ», - եզրակացրեց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը գովեց հարյուրամյակի միջոցառումները, արձանագրեց, որ աշխարհի հայերը աննախադեպ միասնական էին, բայց սրբադասված 1.5 միլիոն զոհերը լույսի մեջ չեն հանգչի, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բարեկեցիկ չապրեն, ասաց նա։

«Ժառանգությունից» Թևան Պողոսյանը միակ ընդդիմադիր պատգամավորն էր, ով ամբիոնից ոչ ոքի չքննադատեց, փոխարենը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր Ցեղասպանության ճանաչման գործում ավանդ են ունեցել, անգամ ցուցակ էր պատրաստել: Նա հիշատակեց, մասնավորապես, Քարդաշյան քույրերին, Քանյե Ուեսթին: Որևէ հայ պաշտոնյայի անուն ցուցակում չկար:

Ընդդիմադիրների ելույթներից հետո հակահարձակման անցան հանրապետականները։

«Ես ամեն անգամ զարմանում եմ մի խումբ պատգամավորների վրա, երբ նախանձը ուղղակի խեղդում է իրենց: Նախանձ, ուրիշ՝ ոչինչ», - ասաց Կարեն Ավագյանը։

Գործընկերոջ միտքը շարունակեց հանրապետական Վահրամ Մկրտչյանը, նա էլ ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց սիրով լինել։

«Եթե մենք բոլորս կարողանանք այս դեվիզով ապրել, նաև աջ հարթակում նստած մարդիկ, ապա շատ հաճախ չեն լինի այն հոգեմաշ խոսակցությունները, որոնք տիրում են այս լսարանում», - ասաց նա:

Հանրապետական Շուշան Պետրոսյանը ո՛չ ընդդիմությանը քննադատեց, ո՛չ էլ ցեղասպանության միջոցառումներից խոսեց: Նա ելույթի համար հատուկ տեքստ էր պատրաստել․ - «Չեմ ուզում, որ մեզ միայն դուդուկով ճանաչեն: Ուզում եմ զուռնով ու կոպալով ճանաչեն: Այս գործիքներն էլ հայկական են և 2000 տարվա պատմություն ունեն»:

Վերջում ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ամփոփեց՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստացվել էին, իսկ հայերը ներկայացան ուժեղ, անկախ հայոց պետականությամբ:

«Գալիպոլին տապալվեց, և այնպես տապալվեց, որ նրանք շփոթված, ուղիղ եթերում ցուցադրեցին ոչ թե Գալիպոլին, այլ Ծիծեռնակաբերդի միջոցառումը», - հայտարարեց նա:

XS
SM
MD
LG