Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Փարիզում մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Ապրիլի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը կգործի մինչև հուլիսի 4-ը, «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսին և Մեծ Եղեռնի առթիվ կազմակերպված ավանդական ընդունելությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում նշել է, որ ցուցահանդեսը հարգանքի տուրք է հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի հիշատակին, ինչպես նաև՝ երախտիքի արտահայտություն Ցեղասպանությունը վերապրած այն հայերին և նրանց ժառանգներին, ովքեր, հաստատվելով Ֆրանսիայում, իրենց կարևոր ներդրումն են բերել Ֆրանսիայի զարգացմանը։

«Նա ընդգծեց, որ Փարիզի արդեն 60-ից ավելի դպրոցներ ցուցակագրվել են՝ ցուցահանդեսն այցելելու համար», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ եթե մարդկությունը նույնպիսի համերաշխություն դրսևորեր հայերի հետ հարյուր տարի առաջ, ինչպես դա արեց մի քանի օր առաջ, արդյո՞ք հնարավոր կլիներ խուսափել մեկ դար առաջ և դրանից հետո տեղի ունեցած ցեղասպանություններից։

«Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության այս դրսևորումները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ ցեղասպանությունների դարաշրջանն անհետ չի անցել, և որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է մշտապես իր վրա սևեռի քաղաքակիրթ աշխարհի համակ ուշադրությունը և կենտրոնացնի իր բոլոր ջանքերը՝ առանց ստորադասելու այս վեհ գործը որևէ աշխարհաքաղաքական շահի», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG