Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականների առաջնորդը Գերմանիային հիշեցնում է Հիտլերին


Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի, արխիվ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի, արխիվ

Դևլեթ Բահչելին այդպես է արձագանքել Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի նախագահի հայտարարությանը:

Ապրիլի 24-ից հետո էլ Թուրքիայի առաջատար քաղաքական գործիչները շարունակում են հակադարձել այն պետությունների ղեկավարներին, ովքեր հակված են 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել:

Այս առումով առավել հեռուն գնաց թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով երկուշաբթի օրը Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում գտնվող Օբերհաուզեն քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց․ - «Գերմանացիները Թուրքիային ցեղասպանության մեղադրանք ներկայացնելու իրավունք չունեն»:

«Շատ ավելի լավ կլիներ, եթե Գերմանիան առերեսվեր իր սեփական պատմությանը: Թուրքիան երբեք որևէ մեկի հանդեպ ցեղասպանություն չի իրագործել, մենք որևէ մեկին թունավոր գազ կիրառելով չենք սպանել, մենք աշխարհին Հիտլեր չենք տվել», - հայտարարում էր Բահչելին` Օբերհաուզենի König-Pilsener-Arena մարզահամալիրում հավաքված ավելի քան 10 հազար գերմանաբնակ թուրքերին դիմելով: Ի դեպ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդի մասնակցությամբ այս հավաքը կազմակերպվել էր Եվրոպայի թուրքերի համադաշնության կողմից՝ հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում:

Անդրադառնալով Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում պետության ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանել, Դևլեթ Բահչելին նշում էր․ - «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան և Օսմանյան կայսրությունը դաշնակիցներ էին: Եվ այդքանից հետո Գերմանիայի դաշնային նախագահը ինչպե՞ս կարող է հայտարարել, թե 1915 թվականի միջադեպերը ցեղասպանություն էին»:

Գերմանիայի թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները, սակայն, Թուրքիայի քաղաքական գործիչներին խորհուրդ են տալիս գոնե հայերին առնչվող խնդիրներում առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով:

Գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում Բեռլինի թուրքական համայնքի ղեկավար Գոքայ Սոֆուօղլուն նշել է․ - «Թուրք քաղաքական գործիչները պետք է փաստերն օգտագործելով անցնեն հարձակման: Կարևոր է նաև անկախ պատմաբանների ներգրավումն այս հարցի քննարկմանը: Ինչ վերաբերում է Գերմանիայի նախագահի հայտարարությանը, ապա չեմ կարծում, որ դա որևէ կերպ ազդի Անկարայի և Բեռլինի հարաբերությունների վրա: Մեր երկու երկրների հարաբերությունները շատ ամուր հիմքի վրա են կառուցված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG