Մատչելիության հղումներ

logo-print

ՆԳՆ նախկին փոխնախարար․ «Ոստիկանությունը պետք է ավելի վճռական լինի»


Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում երկրում գրանցվել է հրազենի գործադրմամբ հանցագործությունների քսան դեպք:

Ոստիկանության վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում երկրում գրանցվել է հրազենի գործադրմամբ հանցագործությունների քսան դեպք: Դա երկու դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ քսան դեպքերից 16-ը բացահայտվել են:

Աղմկահարույց դեպքերից են մարտ ամսի սկզբին Գյումրիում հնչած կրակոցները, որոնց հետևանքով վեց մարդ հիվանդանոց էր տեղափոխվել, նույն ամսվա վերջին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ կատարված երեք մարդու սպանությունը:

Իսկ երեկ մայրաքաղաքի Աբովյան փողոցում անհայտ անձը կրակել էր կայանած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Գնդակը գտել էին մեքենայի մեջ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Կրակոցները երկրում կդադարեն, երբ իրականացվի համընդհանուր պայքար դատաիրավական և ուժային համակարգում հովանավորչության դեմ», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց 1990-ականներին Ներքին գործերի փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: - «Հասարակության մեջ տպավորվել է․ ՏԷՑ-ի կրուգից սկսած, վերջացրած Զանգեզուրում տեղի ունեցած դեպքերով, որտեղ տեղի ունեցան կրակոցներ, մարդիկ սպանվեցին, նույնիսկ ազդեցիկ մարդիկ, վիրավորվեցին, գնդի հրամանատարներ վիրավորվեցին: Բայց ըստ էության արդարադատություն չիրականացվեց: Չիրականացվեց ոչ թե նրա համար, որ նրանք կրակելու իրավունք ունեի՞ն, թե՞ չունեին, չիրականացվեց, որովհետև կար հովանավորչություն»:

Քոչարյանը նկատեց, որ շատ հաճախ կրակում են նաև օրինական զենքերից, որոնք պարգևներ են այս կան այն բարձրաստիճան պաշտոնյայի կողմից․ - «Լսում ենք՝ այսինչ նախկին պաշտոնյայի կամ ներկա պաշտոնյայի զավակի մոտ հայտնաբերվեց զենք, որը կրակեց, տուժողներ եղան: Առժամանակ հետո այդ հարցերը վերանում են, մոռանում են դրա մասին: Այստեղ խնդիրը ամբողջ դատաիրավական համակարգի կոռումպացված լինելու մեջ է: Այսինքն կրակողները այսօր դարձել են շատ ավելի ինքնավստահ և իրենք են որոշում, թե Քրեական օրենսգիրքը ինչպես պետք է իրենք շրջանցեն: Նաև ոստիկանությունը պետք է ավելի վճռական լինի: 90-ականներին ոստիկանությունը շատ ավելի վճռական էր»:

Ոստիկանության քրեական հետախուզություն գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյանը համաձայն չէ նախկին փոխնախարարի դիտարկմանը, թե հրազենի գործադրմամբ դեպքերի կրկնվելու պատճառը հովանավորչությունն է:

«Ընդհանուր որ ասենք անպատժելիության մթնոլորտն է, դա այդպես չէ: Որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպքում գնում է քննություն, հետևաբար մեղավոր անձինք պատժի և պատասխանատվության են ենթարկվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Նա փոխանցեց, որ ամեն տարի ոստիկանությունն իրականացնում է «Զինանոց» անունը կրող համալիր կանխարգելիչ միջոցառումը: Այս տարի այն մեկնարկել է ապրիլի 8-ին և կտևի մեկ ամիս․ - «Միջոցառման ժամանակ բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ իրենց մոտ պահվող ապօրինի զենք-ռազմամթերքը հանձնելու վերաբերյալ: Ինչպես նաև կանխարգելիչ բնույթի միջոցառումներ են իրականացվում, որոնց ընթացքում առգրավվում կամ հայտնաբերվում են զենքն ու ռազմամթերքը բնակչության մոտ պահվող»:

Անդանիկ Քոչարյանի կարծիքով, հովանավորչությունը բացառելու դեպքում տեղ չի մնա շահարկումների, թե զենքը փնտրում են քաղաքական նպատակներով հետապնդումներ իրականցնելու համար․ - «Շատ հաճախ զենք փնտրելը օգտագործում են, որպեսզի իրականացնեն որոշակի ճնշումներ քաղաքական օպոնենտների նկատմամբ: Դա միշտ եղել է, և խնդիրը էլի դատաիրավական համակարգի մեջ է: Միայն ոստիկանությունը և Ազգային անվտանգություն չէ, որ այդպիսի խնդիրներ իրականացնելու իրավունք ունեն, բայց նրանց վերահսկող մարմիններն էլ չպետք է թույլ տան, որ նրանք անօրինական գործողությունների շնորհիվ քաղաքական հետապնդումներ իրականացնեն»:

Ոստիկանությունում կտրականապես հերքում են զենք փնտրելու պատրվակով քաղաքական հետապնդումներ իրականացնելու վերաբերյալ պնդումները: «Բացարձակ այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում», - ասաց Գրիգոր Մկրտչյանը:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոստիկանությունն առգրավել է 50, հայտնաբերել է 30, իսկ քաղաքացիները կամավոր հանձնել են 190 միավոր հրազեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG