Մատչելիության հղումներ

Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը


Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00

«Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման», - շեշտում են ավստրիացի խորհրդարանականները:

Ավստրիայի խորհրդարանը չորեքշաբթի օրը գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում ճանաչել և դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Ելույթով է հանդես եկել Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով, Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մասնավորապես նշել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ:

«20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը՝ Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր վեց խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ», - ասել է Բուրեսը:

Ապա ընդունվել է հայտարարության տեքստը, ինչից հետո խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանությանը զոհ գնացած մեկևկես միլիոն հայերի հիշատակը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանի նիստին պաշտոնապես հրավիրված էին և ներկա էին Ավստրիայում Հայաստանի դեսպան և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արման Կիրակոսյանը, հանձնաժողովի անդամներ: Նիստից հետո դեսպանը հանդիպել է խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր վեց ուժերի նախագահների հետ և Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնել ավստրիացի խորհրդարանականներին:

Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված է Ավստրիայի Ազգային խորհրդում հրապարակված «Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի կապակցությամբ» պաշտոնական հայտարարության տեքստը՝ հայերեն թարգմանությամբ, որում ասված է․

«Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից մեկևկես միլիոն հայերի դեմ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մենք հարգում ենք բռնության, սպանդի և տեղահանության ենթարկվածների հիշատակը, ինչպես նաև Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ-հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին և Պոնտոսի հույներին:

Ելնելով պատմական պատասխանատվությունից (Ավստրո-հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ)՝ մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել և դատապարտել:

Նույնպես և Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվելու իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ և Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել:

Այնպիսի ժամանակաշրջաններում, երբ միջազգային ճգնաժամային օջախները գնալով ավելի ու ավելի ուժգնացող սպառնալիք են ներկայացնում ազատ աշխարհին և նրա արժեքներին, հարկավոր է վճռականորեն հանդես գալ ընդդեմ ողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքներին ու հալածանքներին: 100 տարի առաջ հայերի դեմ իրագործված հանցագործությունը, որը Ֆրանցիսկոս Պապի կողմից որակվեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հստակորեն ի ցույց է դնում հիշողության մշակույթի անհրաժեշտությունը: Քանի որ ազատության, խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ մեր անբեկանելի արժեքների գիտակցությունը անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանությունների և զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ:

Ըստ այդմ՝ խորհրդարանական խմբակցությունների նախագահները պատրաստակամ են իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում հետևողականորեն շարունակելու միջազգային հակամարտությունների կարգավորմանն առնչվող երկխոսությանն և հաշտեցմանն ուղղված և ապացուցված ավստրիական ուղին: Դա վերաբերում է նաև պատմական իրադարձություններին, որոնք սեպ են խրում ազգերի և պետությունների միջև, ինչպիսին Թուրքիայի և Հայաստանի պարագան է: Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջինս պետք է թափանցիկ վերամշակման նպատակով լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա:

Հաշտեցման գործին նպաստելու նպատակով՝ սույնով մտադրություն է արտահայտվում ակտիվորեն սատարելու Թուրքիայի և Հայաստանի կողմից պատմական իրադարձությունների առերեսմանն և վերամշակմանը՝ որպես հաշտեցման առաջին քայլ ի նպաստ թուրք - հայկական հարաբերությունների և շատ ուշացած բարելավմանը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական հարթակում:

2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման վերաբերյալ բանաձևը (European Parliament resolution of 15 April 2015 on the centenary of the Armenian Genocide (2015/2590(RSP)) - չվնասելով միջազգային իրավունքի պաշտոնական գնահատականը - ողջունվում է Ազգային խորհրդում ներկայացված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահների կողմից»:

Երևանը ողջունում է

Հայաստանը ողջունում է Ավստրիայի օրենսդիր բարձրագույն մարմնի հայտարարությունը: Ինչպես հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։

«Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը», - նշել է Նալբանդյանը իր հայտարարությունում:

Ավստրիան, հիշեցնենք, մինչ այժմ Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով ճանաչած շուրջ երկու տասնյակ պետությունների թվում չէր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG