Մատչելիության հղումներ

Վրաց պաշտոնյայի խոսքով, ջավախահայերի քաղաքացիության խնդրի լուծումն ընթացքի մեջ է


Վրաց պաշտոնյայի խոսքով, ջավախահայերի քաղաքացիության խնդրի լուծումն ընթացքի մեջ է
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Շուրջ 30 հազար ջավախահայեր դեկտեմբերի 1-ից հետո զրկվել կամ ինքնակամ հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից:

Վրաստանի միգրացիոն օրենքի փոփոխություններից հետո առաջացած խնդիրները, որոնք ջավախահայերի շրջանում մտահոգություններ էին առաջացրել, լուծման ճանապարհին են: Այս մասին այսօր կայացած տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ռուբեն Պալյանը։

Հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ռուսական կամ հայկական անձնագրեր ձեռք բերած շուրջ 30 հազար ջավախահայեր դեկտեմբերի 1-ից հետո զրկվել կամ ինքնակամ հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ երկրի օրենսդրությամբ, երկքաղաքացիություն նախատեսված չէ։ Իսկ օտարերկրյա անձնագրերով նրանք, փաստորեն, իրենց հայրենիքում 90 օրից ավելի չեն կարող մնալ։

Պաշտոնյան նշում է, որ այս օրենքի կիրառումը հետաձգվել է մինչև առաջիկա հուլիսի 1-ը։ Մինչ այդ, խնդիրը լուծելու համար մարդկանց ներքին օգտագործման անձնագրեր են բաժանվում: «Ազատության» հարցին, թե շատ ջավախահայեր բողոքում են, որ չեն ցանկանում իրենց ծննդավայրում ժամանակավոր կացության իրավունքով ապրել, Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչը պատասխանեց՝ մարդկանց մոտ թյուրըմբռնում կա։

«Ժամանակավոր ասելով՝ նրանք նկատի ունեն այն, ինչ գրված է փաստաթղթի մեջ։ Օրինակ, տեսնում են, որ գրված է 5 տարով, մտածում են, որ 5 տարի կարող են բնակվել։ Մենք բացատրում ենք, որ, օրինակ սովորական անձնագրերն էլ են 5 կամ 10 տարով տրվում։ Ես կարող եմ հավաստիացնել, որ նրանք ստանում են բնակվելու մշտական թույլտվություն։ Իսկ փաստաթուղթը ժամկետ ունի և սա միայն տեխնիկական հարց է», - ասաց պաշտոնյան:

Վրացագետ Արսեն Խառատյանը, ով ևս մասնակցում էր տեսակամուրջ-ասուլիսին, նշեց՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ քաղաքացիների կացության իրավունք ստանալու դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, թե նրանք վտանգ են ներկայացնում Վրաստանիազգային անվտանգության համար։

«Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Վրաստանի քաղաքացիությունը վերադարձվի այն մարդկանց, ովքեր այստեղ ընտանիք ունեն, երկրորդը՝ գտնել հատուկ կարգավիճակ, որով այդ մարդիկ կարող են մնալ և ապրել Վրաստանում։ Չգիտեմ ուր են հասել այդ գործընթացները, բայց հիշում եմ, որ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունըռեպորտաժ ցուցադրվեց այն մասին, որ օրինակ, դպրոցի ուսուցչուհուն համարել էին գաղտնի գործակալ և չէին ցանկացել անձնագիր տրամադրել։ Այսպիսի դեպքեր նույնպես գրանցվում են»,- ասաց Խառատյանը։

Ըստ Վրաստանի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ռուբեն Պալյանի՝ մինչ այժմ մերժվել է ընդամենը 23 դիմում։ Մերժման դեպքում կարելի է դիմել երկրորդ և երրորդ անգամ։ Ընդ որում, եթե նախկինում յուրաքանչյուր անգամ պետք էր 50 հազար հայկական դրամի չափով տուրք վճարել, ապա այժմ , հաշվի առնելով մարդկանց բողոքները, Արդարադատության նախարարության որոշմամբ՝ գումար կգանձվի միայն մեկ անգամ։ Օտարերկրյա անձնագրով սահման հատողները, սակայն, շարունակում են տուգանքներ մուծել։

Հարցին՝ ինչո՞ւ են տուգանում, եթե օրենքը հուլիսից է գործելու և խնդիրը կարելի է լուծված համարել, Պալյանը պատասխանեց, որ պատճառը մարդկանց անտեղյակությունն է։

«Սա հենց քաղաքացիների անտեղյակության խնդիրն է, քանի որ նրանք չգիտեն, թե այս նոր օրենքն իրենց ինչ է թույլ տալիս։ Կացության իրավունք նրանց շնորհվում է, ոչ թե այն բանի համար, որ սահման հատեն, այլ մնան և շարունակեն ապրել Վրաստանում։ Սահմանը հատելուց հետո նրանց տրված արտոնություններն այլևս չեն գործի։ Սա ոչ թե օրենքի չգործելու, այլ մարդկանց չիմացության հետևանք է», - ընդգծեց Պալյանը։

Ըստ Ռուբեն Պալյանի, եթե ջավախքցիները Ռուսաստանում աշխատելու ցանկություն ունեն, ստիպված են լինելու ենթարկվել գործող օրենսդրությանը։ Որպեսզի մարդիկ նոր օրենքին ծանոթանալու հնարավորություն ունենան, Վրաստանի արդարադատության նախարարությունը հայերենով բրոշյուրներ է տպագրել։ Ախալքալաքում նաև նախատեսվում է կառուցել Արդարադատության նախարարության ներկայացուցչության շենք, որպեսզի հեշտացվի տեղում փաստաթղթեր ստանալու գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG