Մատչելիության հղումներ

logo-print

Փորձաքննությամբ հերքվել է, թե Պերմյակովը խլացուցիչ է օգտագործել


Վալերի Պերմյակով, արխիվ

Վալերի Պերմյակով, արխիվ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մտահոգիչ է համարում, որ երկու ամիս անց էլ Ռուսաստանի գլխավոր դատախազը չի պատասխանել հայ գործընկերոջ նամակին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, հերքվել թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը խլացուցիչ է օգտագործել:

Դա են վկայում համալիր փորձաքննության արդյունքները, որոնց ներկա են եղել Ավետիսյանների հարազատներն ու տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչները, «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով ևս տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներից է։ Նախքան փորձաքննությունը կարծիքներ էին հնչում, որ եթե ինքնաձիգը խլացուցիչով չլիներ, ապա կրակահերթերի ձայները լսելի կլինեին տան տարբեր սենյակներում ու հարևան տներում:

«Ազատության» հարցին, թե փորձաքննությունից հետո հարցեր չե՞ն առաջանում, Երվանդ Վարոսյանը պատասխանեց․ - «Պատկերը կամբողջականանա նաև դատագենետիկ փորձաքննությունների ստացումից հետո, դրանից հետո մենք առանձին հանրությանը կներկայացնենք մանրամասներ Ավետիսյանների տնից: Ինչ վերաբերում է հարևաններին, ապա ես այսօրվա դրությամբ դա մեկնաբանել չեմ կարող, որովհետև քրեական գործի կոնկրետ էդ նյութերին, այսինքն՝ հարևանների ցուցմունքներին դեռ չեմ տիրապետում, դրա համար էս պահի դրությամբ որևէ մեկնաբանություն անել չեմ կարող»:

«Կան փորձաքննություններ, որոնք ընթացքի մեջ են, կան փորձաքննություններ, որոնք նշանակված են: Ես համոզված եմ, որ ձգաբանական, հետքաբանական և քիմիական համալիր փորձաքննությունը, որը նոր ստացվել է, և դատագենետիկական փորձաքննությունը, որոնք դեռ սպասվում են ու պիտի ստացվեն, դրանք շատ հարցերի պատասխաններ՝ կապված կոնկրետ դեպքի վայրի հետ, մեզ կտան», - ասաց Վարոսյանը:

Փաստաբանը մտահոգիչ է համարում այն, որ անցել է երկու ամիս, սակայն Ռուսաստանի գլխավոր դատախազը դեռ չի պատասխանել Հայաստանի գլխավոր դատախազի նամակին, որով, հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը միջնորդել է Գյումրիի սպանդի գործի վարույթը փոխանցել հայաստանցի իրավապահներին:

«Կշարունակենք սպասել պատասխանին, գուցե պատասխանի բովանդակությունը այնպիսին լինի, որը հասկանալի դարձնի էդ ձգձգումը, գուցե՝ ոչ: Բայց համոզված եմ, որ այդ պատասխանը արդեն վաղուց պիտի ստացված լիներ: Ընդ որում, էդ պատասխանից կախված կլինի նաև հայկական կողմից իրականացվող քննության արդյունավետությունը, որովհետև պահանջվում էր, ըստ էության, ռուսական կողմում իրականացվող քրեական գործի վարույթը, ինչքանով որ մենք տեղյակ ենք, իսկ դրան ծանոթանալը հնարավորություն կտա հայկական կողմին ավելի արդյունավետ իրականացնել նախաքննությունը», - «Ազատության»-ը փոխանցեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG