Մատչելիության հղումներ

logo-print

Նախարարը չի բացառում առաջիկայում էլեկտրաէներգիայի թանկացումը


«Ազատության» հարցին, թե ինչ կարող է ասել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր պատասխանեց․ - «Չեմ բացառում»:

Դեռ հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Զախարյանն ասել էր, որ ռուսական «Интер РАО ЕЭС»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարման, ինչպես նաև դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում:

Նախարարը մանրամասնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարից ավելի պարտք, և գործող սակագնի պայմաններում չի կարող մարել այն։

Սակայն այն ժամանակ պաշտոնյան ընդգծել էր, որ նախագահ Սարգսյանը հանձնարարել է ամեն ինչ անել, որ այս տարի էլեկտրանէներգիայի սակագինը չբարձրանա․ - «Ես կարող եմ պատասխանատու հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ, և հավանաբար այդպես էլ կարվի, որպեսզի սակագների հետ կապված, բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք»:

«Հայկական ժամանակ» պարբերականը օրերս գրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով, և առաջարկելու է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով, մեկ կվտ/ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ:

«Ազատության» հարցին, թե ինչ կարող է ասել էլեկտրաէներգիայի սակագնի կապակցությամբ, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն արձագանքեց․ - «Առայժմ ոչինչ: Կսպասենք մինչև գազի բանակցությունները ավարտվեն»:

Երկու տարուց պակաս ժամանակահատվածում էլեկտրաէներգիան Հայաստանում զգալիորեն թանկացավ: 2013-ի հուլիսից ի վեր էլէկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի ցերեկային սակագինը բարձրացավ 39.5 տոկոսով՝ 30 դրամից հասնելով 41.8 դրամի, իսկ գիշերայինը՝ գրեթե 60 տոկոսով՝ 20 ղրամից դառնալով 31.8 դրամ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, էլեկտրաէներգիայի նոր բարձրացումը բացասական ազդեցություն կունենա տնտեսվարողների վրա, որոնք առանց այդ էլ դժվարին ժամանակեր են ապրում Հայաստանում ու Ռուսաստանում տնտեսական բարդ իրավիճակի պատճառով․ - «Բնական է, ցանկացած ինքնարժեքի թանկացում նեգատիվ ազդեցություն է ունենալու զարգացման տեմպերի վրա․․․ Բայց ամեն ինչ կախված է, թե ինչ չափերով կթանկանա»:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, էլեկտրաէներգիայի թանկացումը ոչ միայն լուրջ հարված կհասցնի բնակչության գրպանին, այլև կստացվի, որ ռուսաստանյան ընկերության վնասները փոխհատուցում են Հայաստանի քաղաքացիները:

«Եվս 15 տոկոս հիմա ցանկություն կա բարձրացնել: Բայց մինչև ո՞ւր․․․ Երբ նայում եմ 13,14 թվականի այդ կազմակերպության պաշտոնական հաշվետվությունները, այնտեղ արձանագրված է, որ այդ կազմակերպությունը 1.3 միլիարդ դրամ բարեգործություն է արել: Ինչո՞ւ է իմ հաշվին, կամ քաղաքացիներիս հաշվին բարեգործություն անում», - հավելեց Խաչատրյանը:

XS
SM
MD
LG