Մատչելիության հղումներ

Լրացավ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին


Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացնում է նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Աջից հեռացող վարչապետ Տիգրան Սարգսյանն է: 13-ը ապրիլի, 2014 թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացնում է նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Աջից հեռացող վարչապետ Տիգրան Սարգսյանն է: 13-ը ապրիլի, 2014 թ․

2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ ու անմիջապես խոստացավ ստվերից դուրս բերել ու հարկման դաշտ տեղափոխել բոլոր տնտեսվարողներին՝ սկսած իր մերձավորներից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի արձանագրմամբ՝ մեկ տարի հետո Հայաստանը նույնն է, ինչ Աբրահամյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին․ - «Պետք է անկեղծ ասենք․ այն սոցիալական, տնտեսական խնդիրները, որ կային, դրանք չեն լուծվել՝ աղքատություն, գործազրկություն, ներդրումների ծավալ և այլն»:

Մելքումյանը, այդուհանդերձ, չի պատրաստվում ամբողջ մեղքը վերագրել Հովիկ Աբրահամյանին: Ավելին՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում պատգամավորը նույնիսկ որոշ առաջխաղացում է տեսնում․ - «Կարծեմ մի քանի ոլորտներում՝ հյութեր, գարեջուր, խմիչքներ և այլն, և այլն․․․ 180-240 ստվերը իջեցրել է: Հիմա սա արդյո՞ւնքն է, թե՞ չէ»:

Ինչպես վարչապետի խնամի Գագիկ Ծառուկյանի ղեկավարության օրոք, այնպես էլ հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի պահանջում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Մելքումյանի խոսքով, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, Աբրահամյանն ընդդիմության առջև երկխոսության ու համատեղ աշխատանքի դուռը չի փակում:

Նա հավելեց, որ իրենց կուսակցության առաջարկությունների փաթեթը կներկայացնեն կազմավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովին, կսահմանեն վերջնաժամկետ, և անարձագանք մնալու դեպքում միայն հնարավոր է, որ փոխեն իրենց դիրքորոշումը վարչապետի պաշտոնավարման մասին:

«Ազատության» հարցին, թե ինչ կարիք կա դիմելու, եթե Հովիկ Աբրահամյանն արդեն առիթ ունեցել է անտեսելու իրենց կարծիքը՝ մերժելով քառյակի 12 կետանոց առաջարկները, Մելքումյանը պատասխանեց․ - «Դա նույնն է, որ մենք պառլամենտ էլ չգնանք, օրենք էլ չընդունենք: Եթե օրենքները չեն կատարելու, գնում ենք օրենք ընդունենք ո՞ւմ համար: Այսինքն այստեղ մենք պետք է ճիշտ, հավասարակշիռ մոտեցում ունենանք․ ո՛չ մի ծայրահեղություն, ո՛չ մյուսը»:

Այդպես էլ չկարգավորված կենսաթոշակային համակարգ, «Նաիրիտ»-ի աշխատակիցների չվճարված աշխատավարձ, փոքր և միջին բիզնեսի աջակցությանն ուղղված որևէ լուրջ ծրագրի բացակայություն․ Տիգրան Սարգսյանից ժառանգություն մնացած այս խնդիրներին Հովիկ Աբրահամյանի օրոք գումարվեց նաև տնտեսության անկումը: Պաշտոնական տվյալներով, մեկ տարվա ընթացքում արտահանման ծավալները նվազեցել են, ներդրումների ծավալը կրճատվել է, գնաճը հասել է 5 տոկոսի, դրամն արժեզրկվել է 20 տոկոսով, արտաքին պարտքն ավելացել է 700 մլն դոլարով, երկրի արտաքին պահուստները կրճատվել են 400 մլն դոլարով: Այս ամենը, որոշ փորձագետների գնահատմամբ, Հայաստանը մոտեցրել է սնանկության շեմին:

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի (ՀԱԿ) խոսքով, այս ցուցանիշները լավագույնս են բնութագրում Հովիկ Աբրահամյանի մեկ տարվա աշխատանքը, ու այս պայմաններում խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ըստ ընդդիմադիր պատգամավորի, անհեթհեթություն է․ - «Մեր երկիրը բոլոր բնագավառներում, առանց բացառության, մեկ տարվա ընթացքում (և դա շարունակությունն է եղել․ հանկարծ այս մի տարին չէր, որ վատացավ) գնում է վատացման դինամիկայով: Պարտքերը, կորուստները, անարդյունավետությունը, մենաշնորհային բարձր ռեյտինգը, կոռուպցիայի բարձր ռեյտինգը, այս բոլորը նպաստում են, որ և՛ ԱՄՀ-ն, և՛ Համաշխարհային բանկը ունենան խիստ բացասական գնահատականներ: Մասնավորապես, երկու օր առաջ իրենք նախատեսեցին Հայաստանի զրոյական տնտեսական աճը»:

Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ը Հովիկ Աբրահամյանի հետ երկոսության կամ քննարկումների չի գնա․ - «Երրսրդ դասարանցուն էլ պարզ է, որ կոռումպացված մարդկանցով, մենաշնորհ ղեկավարող մարդկանցով, որոնք տնտեսության գլխին են և պառլամենտում են, և կառավարությունում, հնարավոր չէ երկրում պայքարել նրանց դեմ։ Դա ծիծաղելի է»:

Տնտեսությանը վերաբերող բացասական ցուցանիշներին քաջատեղյակ է նաև իշխող Հանրապետականը։ Սակայն կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, Հովիկ Աբրահամյանն արդարացրել է իրեն, կատարել ու շարունակում է կյանքի կոչել տված խոսոտւմները, իսկ ձախողումները Հանրապետականը կապում է աշխարհաքաղաքական իրավիճակի հետ․ - «Այն բոլոր ծրագրերը և այն բոլոր խոստումները, որը տվել էր վարչապետը Կառավարության ձևավորման օրվանից, չկա մեկը, որ բաց թողնված լինի, բոլորը ընթացքի մեջ են: Եվ ինձ թվում է, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում ավելին անել հնարավոր չէր»:

Ի դեպ, տնտեսապես հեթընթաց ապրող երկրի վարչապետը, իր նախորդ Տիգրան Սարգսյանի պես աչքի է ընկնում նաև առանձնակի շռայլությամբ։ Այս տարվա արտերկրյան 2 գործուղումների համար, միայն չարտերային չվերթների վրա Հովիկ Աբրահամյանը բյուջեից ծախսել է ավելի քան 49 մլն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG