Մատչելիության հղումներ

ԱԺ-ում միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են դատապարտում ՀԽ-ի անդամների ձերբակալությունները


ԱԺ-ում միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են դատապարտում ՀԽ-ի անդամների ձերբակալությունները
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00

Հանրապետականի ներկայացուցիչը անարխիզմ է տեսնում Ժիրայր Սեֆիլյանի գործունեության մեջ և չի թաքցնում՝ իշխանությունները դա չեն կարող հանդուրժել:

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար անդամների ձերբակալությունները իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումների շղթայի մասն են և ուղղված են ընդդիմության դեմ, կարծում է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Սա տեղավորվում է այդ նույն շղթայի մեջ՝ հետապնդումների, սահմանադրական իրավունքների խախտման շղթայի մեջ»,- ասում է նա։

Զուրաբյանն ասում է՝ այս պարագայում կարևոր չէ, թե ինչպես են իրենք վերաբերվում ապրիլի 24 -ին իշխանափոխության կոչով հանրահավաք անցկացնելու «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությանը.- «Ես կարող եմ համարել որևէ բան դատապարտելի, բայց միևնույն է, ինչպես Վոլտերն էր ասում, կյանքս կտամ, որ այդ ազատություններից դուք կարողանաք օգտվել»։

Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանն անարխիզմ է տեսնում Ժիրայր Սեֆիլյանի գործունեության մեջ և չի թաքցնում՝ իշխանությունները դա չեն կարող հանդուրժել:

«Իշխանությունը այդքան թույլ չէ, որպեսզի թույլ տա, որ այս կամ այն խմբավորումը հակաօրինական, հակապետական գործունեություն ծավալի»,- ասաց Հարությունյանը։

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան էլ համարում է, որ իրավապահները ճիշտ են վարվել՝ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարներին բերման ենթարկելով: Հանրապետական պատգամավորը հակաժողովրդավարական է համարում ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը և ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը հանրահավաք անելու կոչը: Զանգվածային անկարգության կասկածանքով ձերբակալությունները, Մելիքյանի կարծիքով, հիմնավոր են և քաղաքական հետապնդում չեն կարող համարվել:

«Կարծում եմ, որ ողջ հայ ժողովուրդը նույնիսկ կողջունի այս քայլը»,- ասաց Մելիքյանը։

Վերջերս ընդդիմադիր հռչակված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ևս վստահ է՝ հենց այնպես, առանց որևէ պատճառի իրավապահները ոչ ոքի չէին ձերբակալի: Խուսափելով քաղաքական գնահատական հնչեցնել՝ Վահան Բաբայանը նկատեց՝ «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունն իր համար կասկածելի է:

«Եթե օրենք են խախտել, ուրեմն դա էլ պետք էր սպասել։ Այն կոչերը, որոնք իրենք էին հնչեցնում, և ընդհանուր առմամբ իրենց գործունեությունը բավականին կասկածելի բնույթ էր կրում։ Թող իրավապահ մարմինները գնահատական տան, ես՝ որպես քաղաքական գործիչ, կխուսափեմ այս պահին գնահատականներ տալ»,- ասաց ԲՀԿ-ի խոսնակը։

Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունը անհասկանալի է և դատապարտելի, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով՝ Սեֆիլյանի աջակիցները համաձայնել էին ապրիլի 24-ի հանրահավաքն անցկացնել Երևանի ծայրամասում: Այս ֆոնին նրանց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն և մերկապարանոց:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով «7-ի գործով» մեղադրյալներից մեկն էր, և ում դեմ նույնպես զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էր առաջադրվել, ասում է.- «Դա իշխանության հանգրվաններից մեկն է, երբ տեսնում են այլ կերպ չեն կարողանում գործել, ապա մեջբերում են որևէ քրեական օրենսգրքի հոդված, որպեսզի լռեցնեն հակառակորդներին»։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ ընդդիմադիր այս կամ այն խումբը մեկուսացնելով խնդիրները չեն լուծվում, և հորդորում է իշխանություններին սթափ գնահատել իրավիճակը։

«Անկախ նրանից այս պահին ում կմեկուսացնեն, ում չեն մեկուսացնի, միևնույն է՝ խնդիրը առկա է, միևնույն է ՀՀ քաղաքացին պահանջում է փոփոխություն՝ օր առաջ։ Պահանջում է, որ այս բռնազավթիչները ուղղակի թողնեն-հեռանան, ցանկալի է՝ առանց արյունի»,- ասաց Փոստանջյանը։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասում է՝ գնահատականներ տալու համար լրացուցիչ տեղեկությունների կարիք կա, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությանը իրենց վերաբերմունքը բազմիցս են հայտնել, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ իշխանափոխության կոչերը կապել չի կարելի:

«Մեզ համար դա եղել է միշտ անընդունելի, մենք դրա մասին բազմիցս ենք հայտարարել, բայց որքանով են քրեական առումով հիմնավորված այս քայլերը, պետք է ուսումնասիրվեն փաստերը, ես այդ փաստերին չեմ տիրապետում»,- ասաց Ռուստամյանը։

Մոտ երկու շաբաթ առաջ Ռուստամյանն, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությանը, ասել էր, թե իշխանությունները կանխարգելիչ գործողություններ պետք է իրականացնեն, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով նաև ձերբակալություններն էր թույլատրելի համարել: Այսօր նա ասաց՝ իր խոսքերը չի կարելի մեկնաբանել որպես Սեֆիլյանի դեմ ուղղված գործողությունների կոչ:

«Ծայրահեղ անհրաժեշտությունը ենթադրում է, որ քայլեր կատարվեն, այսինքն ավելի մեծ աղետը կանխելու համար քայլեր են կատարվում։ Սա է ծայրահեղ անհրաժեշտության մասին իմ հայտարարությունը, ոչ թե ես ասել եմ՝ գնացեք Ժիրայր Սեֆիլյանին բռնության ենթարկեք։ Այդպիսի ենթատեքստ բացարձակապես չի եղել, բայց լրագրողների թեթև ձեռքով իմ մեկնաբանությունը դիտվել է Սեֆիլյանի դեմ կատարված հայտարարություն»,- ասաց Ռուստամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG