Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը և ևս երեք անձ ձերբակալվել են, խուզարկություններ «Հիմնադիր խորհրդարան»-ում


Իրավապահները հայտնում են անկարգությունների կազմակերպումը կանխելու մասին։ ԼՐԱՑՎԱԾ

Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան»-ը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում ընդդիմադիր միավորման գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:

«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխանցմամբ, ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատակիցներ, իրավապահները հրաժարվել են տրամադրել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ՝ արգելելով «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք:

Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացնում Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում:

Նույն աղբյուրից ժամը 10։00-ի սահմաններում հաղորդեցին Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Թորոս Սեֆիլյանի՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբոր բերման

Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

ենթարկվելու մասին։ Մոտ մեկ ժամ անց էլ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի, Վանաձորի, Կապանի գրասենյակների պատասխանատուները, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը և Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։

Այսօր առավոտյան Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015 թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի», - ասված է հաղորդագրությունում, - «Բացի այն, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից, այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն»:

Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ԱԱԾ-ի օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ մի շարք վայրերում կատարվում են խուզարկություններ, փոխանցել էր Քննչական կոմիտեն:

«Հիմնադիր խորհրդարան»-ը, հիշցնենք, մտադիր է ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ սկսել՝ իշխանափոխության պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG