Մատչելիության հղումներ

logo-print

Հոլանդական թերթ․ «Բոինգ»-ի կործանմանն առնչություն ունի ռուս նախկին բարձրաստիճան սպան


Ուկրաինա - Կործանված «Բոինգ»-ի այրվող բեկորները, Դոնբաս, 17-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինա - Կործանված «Բոինգ»-ի այրվող բեկորները, Դոնբաս, 17-ը հուլիսի, 2014թ․

Նիդերլանդների դատախազությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել NRC Handelsblad-ի հրապարակումը։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, հղում անելով Հոլանդիայում լույս տեսնող NRC Handelsblad օրաթերթին, հաղորդում է, որ անցյալ տարվա հուլիսի 17-ին Դոնեցկի օդային տարածքում MH17 չվերթը կատարող մալայզիական ավիաընկերության «Բոինգ»-ի աղետին առնչություն ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, երկրի զինված ուժերի Հետախուզության գլխավոր վարչության (ԳՌՈւ) նախկին սպան։

ԳՌՈւ-ն ռուսական բանակի հետախուզական ծառայությունն է։ Ամստերդամ - Կուալա Լումպուր չվերթը կատարող «Բոինգ»-ը վայր է ընկել Դոնբասի շրջանում` ռուս անջատականների կողմից վերահսկվող տարածքում։ Ուկրաինան և արևմտյան երկրները ենթադրում են, որ օդանավը «երկիր-երկինք» տեսակի «ԲՈւԿ» հրթիռով միտումնավոր կամ թյուրիմացաբար վայր են գցել ռուս անջատականները, համենայն դեպս՝ «ԲՈւԿ»-ն արձակվել է ռուսների տարածքից։

Malaysia Airlines-ի օդանավի աղետի արդյունքում զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները` ընդհանուր հաշվով 298 մարդ։ Սպանվածների մեծ մասը Հոլանդիայի քաղաքացիներ են։

Ըստ NRC Handelsblad պարբերականի, սա առաջին դեպքն է, երբ Նիդերլանդների դատախազությունը օդանավի ոչնչացումը կոնկրետ կապում է ռուս նախկին բարձրաստիճան սպայի անվան հետ։

Հոլանդացի լրագրողները նշում են, որ խոսքը, հավանաբար, ռուսական ԳՌՈւ-ի պաշտոնաթող գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի Պետրովսկու մասին է։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հոլանդացիներին տրամադրել է անջատականների ռադիոհաղորդագրությունների ձայնագրությունները, որոնց համաձայն՝ պաշտոնաթող գեներալ-մայորի մականունն է «Խմուրի»։ 2014 թվականին «Խմուրին» թոշակի է անցել և միացել է Իգոր Ստրելկովի ղեկավարած զինյալ խմբավորմանը։ Ստրելկովի իսկական ազգանունը Գիրկին է։ Վերջինս երկար ժամանակ ղեկավարել է ռուս անջատականների զինված ջոկատները, Պետրովսկին նրա տեղակալի պարտականություններն է կատարել։

Հոլանդիայի քննչական ծառայության բարձրաստիճան սպա Ֆրեդ Վեստերբեկեն ասել է, որ «Խմուրիին» վերաբերող բոլոր նյութերը տարբեր խողովակներով բազմիցս ստուգվել են և միանշանակ արժանահավատ են։

Նիդերլանդների դատախազությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել NRC Handelsblad պարբերականի հրապարակած լուրը։

XS
SM
MD
LG