Մատչելիության հղումներ

Բաշար Ասադը պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ


CBS-ի հետ հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ասել է, որ պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ։

Սիրիայի նախագահի հետ ամերիկյան հեռուստաընկերության հարցազրույցը հաջորդում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի վերջերս արած հայտարարությանը, թե Նահանգները ստիպված է բանակցել Ասադի հետ՝ վերջ տալու համար Սիրիայի քաղաքացիական պատերազմին։

Հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Մարդու իրավունքների ուսումնասիրությունների սիրիական կենտրոնի տվյալներով ավելի քան 210 հազար մարդ է զոհվել։

Ամերիկյան հեռուստաընկերության հետ հարցազրույցում Ասադը ասում է, որ Սիրիայի հակամարտության, երկրի իրավիճակի, խնդիրների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական նոր մոտեցումների կապակցությամբ դեռևս ոչ մի գործոն, ոչ մի կոնկրետություն իր երկրում չեն տեսնում, միայն հայտարարություն է արվել։

Ինչ վերաբերում է իրենց կողմից բանակցությունների գնալու պատրաստակամությանը, ապա Ասադն ասել է, որ սկզբունքորեն Սիրիայում դրական են գնահատում ցանկացած բանակցություններ։ Սիրիայի նախագահը ընդգծել է, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա։

Ասադը նաև ասել է, որ իր կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ չկան։ Իսկ երբ CBS-ի թղթակիցը Սիրիայի նախագահին հարցրել է, թե կցանկանա՞ր, որ շփումներ լինեին, Ասադը պատասխանել է.- «Ցանկացած երկխոսություն դրական է։ Սկզբունքորեն, իհարկե, բայց առանց ճնշում գործադրելու Սիրիայի ինքնիշխանության վրա»։

Հարցազրույցը ամբողջությամբ հեռարձակվելու է կիրակի օրը։ Այս առավոտյան հեռարձակված հատվածում Ասադը չարամիտ պրոպագանդա է համարել այն պնդումները, թե Սիրիայի բանակը ապստամբների դեմ քլորային գազ է կիրառում։

Սակայն «Ռոյթերզ»-ի մեկնաբանը նկատում է, որ Ասադը չի հերքում. Ասելով, որ դա չարամիտ պրոպագանդա է, նա այնուհետև նշում է, որ քլորային գազը ռազմական գազ չէ և ցանկացած տեղից այն կարելի է ձեռք բերել։

Ասադը հարցազրույց է տվել նաև ռուսական ութ լրատվամիջոցների։ Այսօր տպագրված հարցազրույցում նա ողջունել է Սիրիայի Տարտուս նավահանգստում ռուսական ռազմածովային բազայի առկայությունը։

Սիրիայի նախագահը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ քաղաքացիական պատերազմի անցած չորս տարիների ընթացքում շարունակվել է Ռուսաստանի ռազմական աջակցությունը Սիրիային։

Մոսկվայում ապրիլի 6-9-ը Սիրիայի հարցով բանակցություններ են ընթանալու։ Երկրի ընդդիմությունը արդեն հայտնել է, որ բոյկոտելու է այդ բանակցությունները։

Ասադն ասել է, որ Սիրիայի խնդիրները հնարավոր է կարգավորել, եթե առանց դրսի միջամտության սիրիացիների տարբեր հատվածների ներկայացուցիչներ իրար հետ նստեն և որոշեն իրենց ապագան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG