Մատչելիության հղումներ

A 320-ի օդաչուն աղետի օրը առողջական պատճառներով բացակայելու թույլտվություն է ունեցել


A 320-ի օդաչուն աղետի օրը առողջական պատճառներով բացակայելու թույլտվություն է ունեցել
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

Գերմանիայի ոստիկանությունը էական բացահայտում է կատարել՝ խուզարկելով կործանված A 320 ինքնաթիռի օդաչուի բնակարանը:

Գերմանական դատախազությունը այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որինքնաթիռի կործանման ենթադրյալ հիմնական մեղավոր Անդրեաս Լյուբիցի բնակարանում հայտնաբերվել է պատառոտված բժշկական թղթեր, որոնց համաձայն օդաչուն առողջական պատճառներով բացակայելու բժշկական թույլտվություն է ունեցել՝ ներառյալ աղետի օրվա թվականը:

Հաղորդագրությունում հիվանդության ախտորոշման մասին հիշատակում չկա։ Նշվում է նաև, որ օդաչուի տանը չի հայտնաբերվել ինքնասպանության մասին գրություն և ոչ էլ «քաղաքական կամ կրոնական» շարժառիթի մասին վկայություն: Անդրեաս Լյուբիցը թաքցրել է իր հիվանդությունը գործատուներից և գործընկերներից: Այս մասին հայտարարել է գերմանացի դատախազ Ռալֆ Հերենբրյուքը:

Միջազգային մամուլը փորձում է վերլուծել իրավիճակը, որում գտնվել է կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն։ Գերմանական «Բիլդ» պարբերականը հայտնում է, որ 2008-2009 թվականներին Լյուբիցը մեկուկես տարի գտնվել է հոգեբույժի վերահսկողության տակ՝ խորը ընկճախտի պատճառով։ Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք թերթին են տրամադրել Գերմանիայի օդային տրանսպորտի վերահսկողության վարչությունից։ Հենց այդ ժամանակահատվածում, ըստ պարբերականի, Լյուբիցը դադարեցրել է ամառային դպրոցում իր մասնագիտական ուսումը։

«Դեյլի մեյլ»-ն էլ գրում է, որ օդաչուի ընկճախտի պատճառը կարող էին անձնական կյանքի անհաջողությունները լինել։ Թերթը պարզել է, որ աղետից առաջ օդաչուի ընկերուհին որոշել է ընդհատել իրենց սիրային հարաբերությունները։

Հետաքննության վարկածներից մեկը հենց այս հանգամանքի վրա է հիմնված. օդաչուն կարող էր հոգեբանական խնդիրներից դրդված միտումնավոր կործանել օդանավը։ Քննիչները ենթադրում են, որ Germanwings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի մեղքով։ Նա մենակ մնալով օդաչուների խցիկում, երբ հիմնական օդաչուն դուրս է եկել, փակել է դուռը, որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ, և սկսել է իջեցնել թռիչքի բարձրությունը, ինչը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը և 150 ուղևորների մարդու պատճառ է դարձել:

Սև արկղի ձայնագրությունների շնորհիվ պարզվել է նաև, որ երբ առաջին օդաչուն մի քանի րոպեով դուրս է եկել օդաչուների խցից, ու վերադարձին դուռը ներսից կողպված է հայտնաբերել, երկար խնդրել է երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցին բացել դուռը:

«Մինչ երկրորդ օդաչուն անհայտ պատճառներով իջեցնում էր օդանավը, անձնակազմի հրամանատարը կացինով փորձել է ջարդել զրահապատ դուռը, սակայն դա նրան չի հաջողվել»,- նշում է գերմանական «Բիլդ»-ը։

Ավիաընկերությունը, որին սպասարկել է A 320 օդանավը, վստահեցնում է, որ Անդրեաս Լյուբիցը պրոֆեսիոնալ օդաչու էր, նրա հաշվին գրանցված էր 630 ժամ թռիչք։ Համեմատության համար նշվում է կործանված օդանավի հրամանատարի թռիչքի ժամերը՝ 6000 ժամ։

Գործող կարգին համապատասխան՝ Լյուբիցը պարբերաբար բժշկական ստուգումներ է անցել, այդ թվում՝ հոգեբանի մոտ։ «Շպիգել»-ը տեղեկացնում է, որ նման վերջին ստուգումը այս տարվա հունվարին էր։ Արտառոց ոչինչ չկար, թերթին ասել է Լյուբիցի գործատուն։

XS
SM
MD
LG