Մատչելիության հղումներ

Այս տարի վիրուսներն ավելի շատ են արձանագրվում, սակայն համաճարակ չկա․ ԱՆ


Երևանի մանկական հիվանդանոցները լեփ լեցուն են, սակայն Առողջապահաության նախարարի խոսքով սուր շնչառական վիրուսների համաճարակ չկա:

: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը բացառեց, որ գերծանրաբեռնվածության պատճառով երեխաներին անգամ միջանցքներում են բուժել կամ չեն ընդունել:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հիմա ամեն օր 40 հիվանդ է դիմում, հիմնականում մինչև 6 տարեկան երեխաներ, «Ազատության»-ը փոխանցեց բժիշկ Չոբանյանը՝ հավելելով, որ միայն 10-15-ի դեպքում էանհրաժեշտ լինում բուժումը շարունակել հիվանդանոցում:

«Ազատության» այցելության պահին այստեղ 90 երեխա էր պառկած․ 10-ի վիճակը ծանր էր, նրանք վերակենդանացման բաժնում էին:

Դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգելուց և մարզերի 7 մանկապարտեզների աշխատանքները դադարեցնելուց հետո վարակները սկսել են նահանջել, թեպետ համաճարակի սպառնալիք դեռ կա, «Ազատության» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Բռնկում է դիտվում հանրապետությունում, այսինքն, այն հիվանդությունը, որը որ դիտարկվում է ներկայիս ժամանակահատվածում, այս սեզոնի բնորոշ ցուցանիշը գերազանցել է 1.5 անգամ: Այս տարի վիրուսներն ավելի շատ են արձանագրվում: Եթե անցյալ տարվա պատկերը դիտարկենք, ապա այսպիսի վիրուսային անջատման խճանկար չունեինք», - ասաց Թորոսյանը:

Երեխաների օրգանիզմը չի կարողանում դիմադրել վարակներին՝ հակաբիոտիկների չարաշահման պատճառով, «Ազատության» հետ զրույցում բողոքում էին մի շարք երիտասարդ մայրեր՝ պնդելով, որ բավական է հիվանդ երեխայի հետ մտնեն պոլիկլինիկա, բժիշկը անմիջապես հակաբիոտիկներ է նշանակում:

Հռիփսիմե Ջեբեջյանը պատմեց, որ իր 1.5 տարեկան երեխայի մոտ սուր շնչառական վարակից հետո երկարատև հազ է սկսվել: Դիմել են բժշկի, ցուցումը՝ հակաբիոտիկն է եղել:

«Ես ասացի, բայց էդքան վա՞տ է վիճակը, որ անտիբիոտիկ՞: Ոչ ջերմում է․․․ ուղղակի հազում է: Բժիշկն ասաց՝ ինչ ես խոսում, բրոնխները շատ ծանր վիճակում են, եթե դու գիտես բժշկի տեղ, որը այս հազը կարող է առանց անտիբիոտիկի բուժել, խնդրեմ տար իր մոտ: Նշանակումն արեց, տեղում պատռեցի գցեցի, ոչինչ չտվեցի երեխային», - ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը:

Առանց բժշկի նշանակած դեղերի առողջացած երեխայի մայրը վստահ է, որ այսօր շատերը չգիտեն, իսկ բժիշկներն էլ չեն բացատրում, որ հակաբիոտիկները բուժում են՝ միաժամանակ թուլացնելով իմունային համակարգը: Օրգանիզմը ժամանակի ընթացքում սովորում է այդ դեղորայքին և հաջորդ անգամ հիվադնության դեպքում բուժումը պահանջում է շատ ավելի ուժեղ ու թանկարժեք դեղամիջոց:

«Հիվանդին գլխից ցրելու համար ամենձեռնտու տարբերակն է․ անտիբիոտիկ կտա, երեխան երեք օրից ուղղակի կթռչկոտի, մայրիկը գոհ կլինի, երեխան գոհ կլին, բայց դա շատ թվացյալ է, եթե, իհարկե, չես հասկանում, թե ինչպես ես քայքայում քո երեխայի օրգանիզմը», - նշեց Ջեբեջյանը:

Մասնագետներն էլ են ընդունում՝ հակաբիոտիկների չարաշահման պատճառով մի շարք վիրուսներ այսօր գրեթե անվերահսկելի են դարձել: Վիրուսի դեմ հակաբիոտիկներով չեն պայքարում, հորդորում են առողջապահության ոլորտի պատասխանատուները:

«Վիրուսային հիվանդությունը, որ սկսվում է, անտիբիոտիկ պետք չէ նշանակել», - ասաց Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբայնաը:

«Ես անընդհատ նշում եմ վիրուս, վիրուս, իսկ հակամանրէային դեղորայքները դրանք մանրէին են ուղղված: Դրանք այլ օրգանիզմի են ուղղված, ոնց ասեմ, չգիտեմ, տանձի դեմ խնձորով չենք պայքարի, տանձի դեմ հակատանձ է պետք», - ընդգծեց Առողջապահության նախարարության մասնագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG