Մատչելիության հղումներ

Քանի դեռ Հայաստանն ու Սփյուռքը մեծ թափով պատրաստվում են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, թուրքահայությունը ապրիլի 24-ից հաշված շաբաթներ առաջ կարծես հայտնվել է նոր ճնշումների շեմին:

Երեկ հայտնի դարձավ, որ պղծվել է Ստամբուլի ամենահայաշատ թաղամասերից մեկում` Բաքրքյոյում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Հայ սպասավորները եկեղեցու պատին վիրավորական մի շարք գրառումներ էին հայտնաբերել: Եկեղեցու պատերից մեկին, մասնավորաբար, գրված է եղել՝ «1915 թվականը օրհնված տարի էր»:

Եկեղեցու պատին արված մեկ այլ գրառման մեջ էլ նշված էր` «Հետո՞ ինչ, որ բոլորդ հայ եք, երբ կա Օգյուն Սամասթը»: Խոսքը այն թուրք ազգայնականի մասին է, ով սպանել է «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքին:

Անդրադառնալով միջադեպին՝ Zaman օրաթերթը գրում է․ - «Չորեքշաբթի առավոտյան՝ Բաքրքյոյ մեր այցելության պահին, եկեղեցու պատին արված գրառումները արդեն ջնջվել էին»: Եկեղեցու սպասավորներից մեկը թերթի թղթակցին ասել է․ - «Նման բաներ մշտապես են տեղի ունենում»:

Ուշագրավ է, որ, ըստ թերթի թղթակցի, Պոլսի Հայոց պատրիարքարանը հրաժարվել է տեղի ունեցածի առթիվ հանդես գալ որևէ մեկնաբանությամբ: Ըստ Zaman-ի, եկեղեցու պղծման փաստով քրեական գործ ևս չի հարուցվել:

«Լարվածությունը ծագեց այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը հունվարին հայտարարեց, թե պատրաստվում է ապրիլի 24-ին հանդիսավորությամբ նշել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը», - գրում է թուրքական թերթը` հատուկ հիշեցնելով․ - «Շատ երկրներ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն են որակում»:

Հարկ է նկատել, որ հայերի շուրջ ծագած լարվածության մասին թուրքական թերթի պնդումն այնքան էլ չափազանցված չէ: Բաքրքյոյի միջադեպին զուգահեռ հայկական խնդրին վերաբերող մեկ այլ սկանդալ ծագեց Անկարայում: Թուրքիայի մայրաքաղաքը 1994 թվականից ղեկավարող Մելիհ Գյոքչեքը պաշտոնապես դիմել է դատախազությանը` պահանջելով պատժել երկրի ամենահայտնի հայազգի լրագրողներից մեկին` Հայկո Բաղդատին: Պատճառը մեկ տարի առաջ Անկարայի քաղաքապետի ընտրություններից հետո հայազգի լրագրողի կողմից Թվիթերի իր էջում արված գրառումն էր, որում Հայկո Բաղդատը կատակել էր․ - «Սա պաշտոնական տեղեկատվություն է․ մայրաքաղաքը տվեցին հային: Ինչպիսի խայտառակություն»: Այս և նմանատիպ մի շարք այլ գրառումները Բաղդատը ուղեկցել էր «#ՊարզվումէՄելիհԳյոկչեքըՀայէ» նշումով կամ այսպես կոչված՝ հեշթագով:

Գյոկչեքից մեկ տարի պահանջվեց հասկանալու համար, որ իրեն վիրավորել են: Օրերս նրա փաստաբանները քաղաքապետի անունից պաշտոնական դիմում են ներկայացրել Անկարայի քաղաքային դատախազություն, որում, մասնավորապես, գրել են․ - «Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքը Թուրիայի Հանրապետության քաղաքացի է, մարդ, ով սիրում է իր հայրենիքն ու ազգը: Բաղդատի արած հայտարությունները կեղծ են: Դրանք մենք որակում ենք որպես զրպարտանք և վիրավորանք»:

Անկարայի քաղաքապետն իր կրած հոգեկան ապրումների դիմաց հայազգի լրագրողից որպես փոխհատուցում պահանջել է 10 հազար թուրքական լիրա` մոտ չորս հազար ԱՄՆ դոլար:

Սրան ի պատասխան Հայկո Բաղդատը Թվիթերում գրել է․ - «Մելիհ Գյոքչեքը ինձ դատի է տվել իրեն հայ անվանելու համար: Կարծում եմ մենք առաջիկայում մի լավ զվարճանալու ենք»:

Hurriyet-ի սյունակագիր Մեհմետ Յըլմազը, անդրադառնալով Անկարայի քաղաքապետի և հայազգի լրագրողի շուրջ ծագած սկանդալին, գրում է․ - «Վաղուց արդեն Թուրքիայում կատակների վրա մենք ոչ թե ծիծաղում ենք, այլ դրանք ներկայացնում որպես վիրավորանք: Հայկո Բաղդատը իր վերջին գրքում իմաստուն կերպով և թեթև սրտով կատակում է՝ այդ թվում կատակի առարկա դարձնելով իրեն և իր ինքնությունը: Լավ կլիներ, եթե Անկարայի քաղաքապետի փաստաբանները կարդացած լինեին այս գիրքը: Այդ պարագայում նրանք հաստատ դատախազություն չէին դիմի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG